«Կորոնավիրուս եք ասում, եկեք վարձով տուն տեսեք. կռիսանոց է»
4-րդ գյուղում վարձով բնակվող ընտանիքն աջակցության կարիք ունի: Ցանկանում են գտնել բարվոք բնակարան․ 1, 3, 12 տարեկան երեխաներն ունեն սննդի կարիք:
«Կորոնավիրուս եք ասում, եկեք վարձով տուն տեսեք. կռիսանոց է: Ասենք՝ 1 տարեկան երեխային ես մեծացնում եմ կռիսների, մողեսների մեջ: Արևի տակ ջուր եմ տաքացնում, որ երեխաներին լողացնեմ: Ունենք սննդի կարիք:
Թեկուզև օգնեն այլ տուն տեղափոխվեմ, որովհետև ոչ մեկն ինձ տուն չի տալիս: Երբ լսում են՝ երեք երեխա կա, ասում են, թե վա՜յ, չէ, ավելի լավ է՝ շուն բեր, քան երեխա. իրենց թվում է՝ անդաստիարակ են: Տների գներն էլ սարսափելի թանկ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Աղաբեկյանը:
Նա նշեց, որ ամուսինն աշխատում է, պահակություն է անում, սակայն ծայրը ծայրին չեն կարողանում հասցնել:
«Եթե ժամով մաքրուհու աշխատանք առաջարկեն՝ կմաքրեմ, ուղղակի մոտ լինի 4-րդ գյուղին, քանի որ չեմ կարող երկար ժամանակով լքել երեխաներին»,- նշեց նա: