«Էդ մարդը ոստիկան չի եղել, որովհետև ոստիկանը իրեն չի կարող պահել նման լկտի ձևով». Նարեկ Սամսոնյանը՝ ոստիկանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

«Դա վիրավորանք չի, չնայած, եթե ՔՊ-ական լինելը վիրավորանք ա, այո՛, վիրավորել եմ: Բայց իրականում ես ոստիկանին ոչ միայն չեմ վիրավորել, այլև համարում եմ, որ էդ մարդը ոստիկան չի եղել, որովհետև ոստիկանը իրեն չի կարող պահել նման լկտի ձևով և չի կարող կատարել քաղաքական պատվեր: Ես ոստիկանի կանգնեցնելուց հետո իմ հոգու խոսքն եմ ասել պարետ Տիգրան Ավինյանի մասին, որը, վստահաբար, ոչ միայն պարետ Տիգրան Ավինյանի, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր ընտանիքի անդամների, շատ-շատերի հասցեին այսօր ասում է ՀՀ քաղաքացիների եթե ոչ՝ 90, ապա՝ հաստատ 80%-ը: Եվ  ես պատրաստ եմ կրկնել թե՛ պարետ Տիգրան Ավինյանի մասին իմ կարծիքը, որ վստահ եմ՝ հանրությունը կկիսի, թե՛ էս իշխանությունների մասին իմ կարծիքը եթերից և եթերային բառապաշարից դուրս, որի իրավունքը ունեմ, ինչի համար ոստիկանն իրեն պահեց շատ լկտի, շատ վատ և դրա համար ստացավ արժանի վերաբերմունք»,- Ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:

Նա հայտնեց, որ իրեն ոստիկանության բաժին էին տեղափոխել ոստիկանին վիրավորելու համար։ «Ոստիկանին չեմ վիրավորել և չեմ պատրաստվում վիրավորել որևէ ոստիկանի»,- ասաց նա:

«Եթե մարդը ոստիկան չի, ոստիկանի նման չի պահել իրեն, իրեն պահել է վերջին խուժանի նման, իսկ էդտեղ կադրերը կան, որտեղ էդ ոստիկանը պահում է իրեն վերջին խուժանի նման, էդ ժամանակ ակնհայտ է, որ նրան կարելի է վերաբերվել էնպես, ինչպես չի կարելի վերաբերվել մնացած ոստիկաններին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Սամսոնյանը:

Նա մինչ ոստիկանության բաժին տեղափոխվելը հայտնել էր, թե իրեն դիմակի համար տուգանելուց հետո Հրաչ Հակոբյան անունով ոստիկանության աշխատակիցը փակել էր իր մեքենայի դիմացն ու չէր թողել, որպեսզի շարժվի: Դեպքից հետո Սամսոնյանը վերադարձել էր այդ վայրը, ու փորձում էր ֆեյսբուքյան լայվով ցույց տալ լեյտենանտին, որն էլ խուսափում էր նկարահանումից:

Այդ ընթացքում Սամսոնյանը ոստիկանին անվանել էր «համազգեստով կուսակցական», «ՔՊ-ական»: Սամսոնյանի խոսքով՝ ապօրինություն չկա ոստիկանին նկարահանելու մեջ:

«Այո՛, լավ էի անում, որովհետև նմանատիպ ոստիկանին պետք է ճանաչեն բոլորը, և ոստիկանը իրավունք չունի չուզենալ նկարահանվել: Երբ որ ոստիկանը հագնում է համազգեստ, ոստիկանը պարտավոր է իր համազգեստի, օրենքի տառին համապատասխան գործունեություն իրականացնել, որպեսզի չամաչի նկարահանվելուց: Այ, երբ որ ոստիկանը ամաչում է նկարահանվելուց, մենք էդտեղ ունենք լուրջ խնդիր, և հետևաբար, այո, միգուցե նա ամաչում էր, բայց դա իր խնդիրն է»,- ասաց Սամսոնյանը:

Լրագրողի հարցին, թե եթե Նարեկ Սամսոնյանը  լիներ ոստիկան, ու մեկ այլ քաղաքացի իրեն պահեր այնպես, ինչպես այսօր Նարեկ Սամսոնյանն էր իրեն պահել, ապա բերման չէ՞ր ենթարկի այդ քաղաքացուն, Սամսոնյանը պատասխանեց՝ եթե ինքը լիներ ոստիկան, իրեն չէր պահի այնպես, որ որևէ մեկն իրեն վիրավորելու հիմք ունենար:

Տեսանյութեր

Լրահոս