Անկյունային հղկիչով գլխի հատվածում վնասվածք ստացած 15-ամյա տղայի առողջական վիճակում դրական դինամիկա կա
Անկյունային հղկիչով (բոլգարկա) ծանր մարմնական վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակում դրական դինամիկա է նկատվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Դերձյանը և հավելեց, որ նրա վիճակը գնահատվում է կայուն։
Օգոստոսի 6-ին, աշխատելու ընթացքում, հղկիչը կոտրվել ու վնասելով տղայի քթի և գանգի տարբեր հատվածների ոսկրերը, մխրճվել է գլխուղեղի առաջնային հատվածի մեջ: Նա ստացել էր բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ, գլխուղեղի ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:
Տղան վիրահատվել էր, բժիշկների մուլտիդիսցիպլինար թիմի (նյարդավիրաբույժ, դիմածնոտային, քիթ-կոկորդ-ականջի և միկրո-պլաստիկ վիրաբույժներ) կողմից: Օտար մարմինը հեռացվել էր ու կատարվել վնասված հյուսվածքների վերականգնում սեփական հյուսվածքներով և սինթետիկ նյութերով: