Ամփոփ տեղեկությունններ՝ Ադրբեջանում կայացած զորավարժությունների մասին
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացվել, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։ Ցամաքային մասը օգոստոսի 1-5-ն անցկացվել է Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։
Անձնակազմի և զինտեխնիկայի քանակի մասով ոչինչ չի հայտարարվել։ Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ներգրավված է եղել մոտ 11.000 զինծառայող։
Ադրբեջանից զորավարժություններին մասնակցել են պաշտպանության նախարարության, Պետական սահմանապահ ծառայության, Ներքին գործերի նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ։ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հրապարակած կադրերում տեսանելի չեն, բայց ենթադրվում է, որ մասնակցել են նաև Ազգային անվտանգության նախարարության և ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կադրերից հայտնի է, որ զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիայից Ադրբեջան որոշակի քանակությամբ զինտեխնիկա (հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ և այլն ) և ավիացիոն միջոցներ է տեղափոխվել։ Կադրերում առնվազն 5 միավոր F-16 տեսակի կործանիչներ, 2-ական միավոր Sikorsky UH-70 և ATAK/AH-1W ուղղաթիռներ են ֆիքսվել։
Ադրբեջանի զինուժը, հիմնականում, կիրառել է Տ-90 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-17 և Մի-35 ուղղաթիռներ։ Չնայած հայտարարվել էր, որ զորավարժություններին կկիրառվեն նաև ՀՕՊ և հրթիռահրետանանին համակարգեր: ՊՆ տարածված կադրերում նման համակարգեր չեն ֆիքսվել։ Հետաքրքրական է, որ հրապարակված տեսանյութերում չեն նկատվել նաև անօդաչու թռչող սարքեր։ Համատեղ վարժանքներին մասնակցել են նաև երկու երկրների հատուկ նշանակության ուժերը։
Հենակետ վերլուծական կենտրոն ՀԿ