Մեկ ամիս Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ չի կայանա
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստը, որով ամբաստանյալների աթոռին են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, կրկին հետաձգվեց:
Դատական նիստն այս անգամ հետաձգելու պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր: Դատարանը Միհրան Պողոսյանից ստացել էր դիմում, որում նշել էր, թե «հանկարծակի առաջացած խնդիրների» պատճառով չի կարող ներկայանալ նիստին, և խնդրել էր հետաձգել դատական նիստը:
Դատարանում Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ նիստում այլ պաշտպան ներգրավվել չի կարող, իսկ առանց պաշտպանի դատական նիստ տեղի ունենալ չէր կարող:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ, ասաց, թե Միհրան Պողոսյանի բացակայությունն անհարգելի է, բերված պատճառաբանությունները ոչինչ չեն ասում:
«Ոչ մի խնդիր էլ հանկարծակի չի առաջացել, պլանավորված վարքագիծ է, հետևաբար` ես գտնում եմ, որ պաշտպանի բացակայությունը պետք է ճանաչել անհարգելի»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:
Արամ Վարդևանյանն էլ ի պատասխան դատախազի հայտարարության` նշեց, թե պաշտպանի ներկայությամբ հնարավոր է՝ դատարանի ու դատավարության մասնակիցների հարցերին տրվեն սպառիչ պատասխաններ:
«Ես գտնում եմ՝ առնվազն դատավարության էկվիվալենտ մասնակիցների կողմից մեկի վերաբերյալ նման գնահատականներ տալը, այն էլ՝ Ձեր նախագահությամբ, հարգելի դատարան, անընդունելի է, և հետևաբար՝ հենց նման վարքագիծը պետք է ունենա հետևանք»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Դատարանը նաև հրապարակեց, որ գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանը օգոստոսի 5-ին հրաժարվել է իր պաշտպաններից մեկից՝ Վարդգես Գևորգյանից:
Արմեն Գևորգյանի մյուս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նույնպես դիմել էր դատարանին, ներկայացրել, որ օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը լինելու է ամենամյա արձակուրդում և խնդրում է դատական մյուս նիստերը նշանակել սեպտեմբերի 1-ից հետո:
Սա առաջացրեց գործով տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների բարկությունը․ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտնեց, թե ամբաստանյալների պաշտպանների կողմից ինչ-ինչ եղանակներով դատական նիստերը հետաձգելու միտումներ է տեսնում:
Պաշտպաններն էլ հիշեցրին, որ մեկ ամիս գործով դատական նիստ տեղի չի ունեցել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ արձակուրդում լինելու պատճառով, որ դատական նիստեր են հետաձգվել Սեդա Սաֆարյանի արձակուրդում լինելու պատճառով, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բացակայության հետևանքով:
Տիգրան Եգորյանն էլ միջնորդեց բոլոր ամբաստանյալներին ապահովել հանրային պաշտպաններով, նրանց ներգրավել գործում, որպեսզի ամբաստանյալների փաստաբանների բացակայության պայմաններում հենց հանրային պաշտպաններն իրականացնեն ամբաստանյալների շահերի և իրավունքների պաշտպանությունը ծավալուն գործի քննության ընթացքում, ինչով էլ կապահովեն դատական գործընթացի անընդհատությունը:
Էրիկ Ալեքսանյանն էլ հայտնեց, որ այս գործով հանրային պաշտպանի ներգրավման մասին խոսք լինել չի կարող, քանի որ գործով ամբաստանյալներն արդեն իսկ օգտվել են իրենց Սահմանադրական իրավունքից և ընտրել են պաշտպաններ:
Դատարանն արձանագրեց, որ այժմ դատարանը միջնորդություն քննարկել չի կարող, քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը ներկա չէ:
Դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 8-ին: