Բաժիններ՝

Հայաստանը լիբանանահայերի կողքին է. Զարեհ Սինանյան

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օգոստոսի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը:

Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը: Հանդիպմանը ներկա են եղել հայաստանյան պատվիրակության անդամները:

Հագեցած օրակարգով այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ այցը Բեյրութի Շաղզոյան կենտրոն էր, որի ընթացքում նա հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել դեսպան Վահագն Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակության անդամները: Զարեհ Սինանյանը ներկայացրել է այցի նպատակը և ընդգծել, որ կարևորում է համայնքային կառույցների և լիբանանահայության հետ ուղղակի շփումները և անմիջական հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը պայթյունից հետո արագ արձագանքի և հոգեպես ու ֆիզիկապես համայնքի կողքին լինելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին առնչվող թեմաներ:

Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրեց ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնեց իրենց աշխատանքները:

Գլխավոր հանձնակատարն անդրադարձ կատարեց լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատեց Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշեց, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները: Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցան պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ:

Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն: Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն:

Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս