Սոցիալական ծառայությունները 1 պատուհանի սկուզբունքով․ 2020-ին ՀՀ-ում կկառուցվի ինտեգրված 9 կենտրոն
Հայաստանի մի քանի մարզերում 2020 թվականին կբացվի և շահագործման կհանձնվի Համալիր սոցիալական ծառայությունների 9 գրասենյակ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» համակարգող Վահագն Ստեփանյանը։
«Դրանք լինելու են Ստեփանավանում, Մեղրիում, Սևանում, Մարտունիում, Գորիսում, Ապարանում, Գավառում, Դիլիջանում և Իջևանում։ Ամբողջ Հայաստանում նախատեսվում է Համալիր սոցիալական ծառայությունների 49 գրասենյակ կառուցել։ Դրանցից 7-ը լինելու են Երևանում, իսկ մնացած 42-ը ՀՀ մարզերում»,- նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ներկայում կա 14 շինհրապարակ, որտեղ կառուցվում են այդ կենտրոնները, 3 կենտրոն մրցութային փուլում է, 4-ը՝ նախագծային և 5-ը՝ տարածքի հստակեցման փուլերում։
Ինտեգրված կենտրոններում մատուցվելու են սոցիալական բոլոր ծառայությունները՝ բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական ապահովություն, սոցիալական աջակցություն և զբաղվածության պետական զբաղվածություն, մեկ պատուհանի սկուզբունքով։ Շահառուները հնարավորություն կունենան մոտենալ, գրել իրենց դիմումները, որոնց պատասխանները կստանան սեղմ ժամկետներում։
«Ծրագրի շրջանակներում մենք պետք է ամբողջ տեղեկատվական համակարգը նորացնենք, ինչը կհեշտացնի առցանց հարթակով փաստաթղթերի կամ այլ անհրաժեշտ նյութերի ձեռքբերման հարցը։ Ծրագիրն ամբողջությամբ կիրականացնենք մինչև 2022 թվականի սեպտեմբեր։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մինչև ծրագրի ավարտն ունենանք բոլոր այդ 49 գրասենյակները»,- ընդգծեց Վահագն Ստեփանյանը։
2021 թվականին Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակներ կկառուցվեն Ջերմուկում, Բերդում, Կապանում, Արթիկում, Եղեգնաձորում, Աշտարակում, Աբովյանում, Վաղարշապատում, Սիսիանում, Վայքում, Երևան քաղաքի Նոր Նորք, Արաբկիր, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։