Բաժիններ՝

Պակիստանցի զինծառայողները գնդակոծել են Քաշմիրի հնդկական շրջանները. Times of India

Պակիստանցի զինվորականներն օգոստոսի 10-ի երեկոյան հրազենով եւ ականանետներով գնդակոծության են ենթարկել վերահսկողության գծին Փունչի հատվածի մի շարք շրջաններ՝ վերստին խախտելով Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը: Օգոստոսի 11-ին այդ մասին հայտնել է Times of India թերթը:

Հնդկական կողմից արձակվել է պատասխան կրակ: Պակիստանցի զինվորականները Փունչի հատվածը գնդակոծման են ենթարկել նաեւ օգոստոսի 9-ին:

Այս տարի Պակիստանի բանակն ավելի քան 1 400 անգամ խախտել է Քաշմիրում հրադադարի ռեժիմը, նշում է թերթը: 2019 թվականին նման միջադեպերի թիվը հասել էր 3 168-ի:

Ինչպես հայտարարել է Ջամուի եւ Քաշմիրի Միութենական Տարածքի ոստիկանության տնօրեն Դիլբագ Սինգհը, պակիստանցի զինծառայողների կողմից գնդակոծումներն ապահովում են ահաբեկիչների խմբերի տեղափոխումը Հնդկաստան Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող մասում գտնվող ճամբարներից: Հնդկաստանի տվյալներով՝ դրանցում տեղավորված են շուրջ 300 ծայրահեղականներ, որոնք պատրաստվում են Հնդկաստան ներթափանցման:

Քաշմիրի տարածքը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վեճի առարկա է մնում 1947 թականից, երբ Բրիտանական Հնդկաստանն, ստանալով անկախություն, բաժանվեց երկու պետության ըստ կրոնական հատկանիշի: Այս պահին տարածաշրջանում պետական սահման չկա. դրա տարածքը բաժանում է վերահսկողության գիծը: Հնդկական մասում ակտիվորեն գործում են խմբավորումներ, որոնք հանդես են գալիս երկրից անջատման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս