Մանրամասներ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր: Մեր տեղեկություններով՝ երեքուկես ժամ տեւած փակ նիստի ժամանակ պատգամավորներն ավելի շատ այս անգամ անդրադարձ են կատարել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանին եւ այս անգամ ավելի շատ հավաքվել էին հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն՝ հենց նրա հետ կապված: Բանն այն է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանին եւ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին իշխանական խմբակցության պատգամավորներն արդեն անդրադարձել էին, եւ հստակ էր, որ պատգամավորների մի մասն ամեն դեպքում դեմ էր նրանց: Եվ եթե այդ երկու թեկնածուների մասով մոտեցումն այնքան էլ միանշանակ չէ, եւ կան պատգամավորներ, որոնք դեմ են, ապա Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված, եւ դեմ կարծիքներ այնքան էլ շատ չեն եղել:
Իհարկե, կարծիքներ եղել են այն տեսանկյունից, թե Վճռաբեկ դատարանի նախագահը չպետք է դառնա ՍԴ անդամ, սակայն ընդհանուր առմամբ կարծիքները դրական են եղել: Նաեւ խմբակցության ներսում որոշել են, որ վերջնական որոշում կկայացնեն նաեւ Խունդկարյանի հետ հանդիպումից հետո, որը կկայանա առաջիկա օրերին: Նկատենք, որ խմբակցության պատգամավորներին նաեւ ասվել է, որ առաջիկա օրերին խմբակցության այլ նիստեր եւս կանցկացվեն, նաեւ սպասվում է, որ արդեն վաղը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ կքննարկվի արտակարգ դրությունը եւս մեկ ամսով եւ վերջին անգամ երկարաձգելու հարցը: Իսկ, ահա, ՍԴ նորանշանակ անդամներին կընտրեն մինչեւ այս ամսվա վերջ արտահերթ նիստերի միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: