«Նոա»-ի մարզիչը Եվրոպայի լիգայի առաջին մրցակցին հեշտ չի համարում
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի կարծիքով՝ Եվրոպայի լիգայում իր թիմին բաժին է ընկել ոչ հեշտ մրցակից:
«Մեզ բաժին ընկավ ոչ ամենաթույլ մրցակիցը եղած թիմերից։ Ասեմ, որ եղած 4 թիմերից ամենաքիչը կուզենայինք իրենց դեմ խաղալ։ Հեշտ չի լինելու, «Կայրաթ»-ն ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ՝ աստղեր, այսպես ասենք։ Դրան գումարած նաև այն, որ մեզ արտագնա խաղ է սպասում, որտեղ մրցակիցը, բնականաբար, առավելություն է ստանում։ Իհարկե, փորձելու ենք որակյալ, արագ ֆուտբոլ խաղալ, բայց շատ ծանր է լինելու»- մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պիկուշչակի խոսքով`«Նոա»-ին` հաղթանակի հասնելու օգնող գործոններից մեկը դառնա այն, որ Ղազախստանի առաջնությունում երկար դադար է, «Կայրաթ»-ը մի քանի մրցափուլ է անցկացրել գարնանը, հետո՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը դադարեցվել է: «Պետք է ուսումնասիրենք «Կայրաթ»-ի խաղերը, անկեղ ասեմ՝ մինչ այժմ այնքան էլ չեմ հետևել Ղազախստանի առաջնությանը։ Դեռևս ամբողջական պատկերացում չունենք, թե ինչպես է խաղում մրցակիցը, սակայն հաշվի առնելով, որ իրենց առաջատար ֆուտբելիստներից է վերջերս «Կայրաթ» տեղափոխված Վագներ Լավը՝ շատ որակյալ թիմ է մեզ դիմակայելու»,-ասել է նա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Նոա»-ն արտագնա խաղում կմրցի ղազախական «Կայրաթ»-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին: