Չպետք է ծնողի արարքների համար պատասխան տան երեխաները. Աղազարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այն համոզմանն է, որ չպետք է ծնողի արարքների համար պատասխան տան երեխաները։

«Ես ինքս իմ համար որոշել եմ ՍԴ դատավորի թեկնածուի հետ կապված, բայց իմ որոշումը պայմանավորված է մեր մեծ թիմից բխող որոշումներով։ Ես ունեմ որոշում, որ որդիները չպետք է պատասխան տան հայրերի արածների համար։ Իրավական համակարգը այսպիսի հարցեր ունի, որ, եթե լինի շահերի բախում, ապա այդ անձը չի մասնակցի այդ քվեարկությանը։ Միասնական դիրքորոշումը կա, բայց թե այն ինչպիսին է, կխնդրեմ տեղեկանալ խմբակցության ղեկավարությունից»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Աղազարյանը՝ նշելով, որ չի կարծում, որ պետք է մտածել այնպես, որ 88 հոգանոց խմբակցության քվեարկությունը կարող է անակնկալ լինել, ուստի իրենց որոշումը ՍԴ դատավորի թեկնածուի վերաբերյալ լինելու է կշռադատված։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երկրորդ անգամ առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, ապա, Հովիկ Աղազարյանի համոզմամբ՝ տարօրինակ է այն, որ նախագահն առաջադրել է մի մարդու, ում թեկնածությունն արդեն իսկ մեկ անգամ մերժվել է։

«Նախագահի իրավունքն է թեկնածությունը ներկայացնելը, բայց անհասկանալի է, որ մի անգամ ներկայացել է, մերժվել է, դե երևի լրացուցիչ արգումենտ ունի, պետք է քննարկենք, թող այդ մասին խմբակցության ղեկավարությունն ասի»,- ասաց  Աղազարյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ ընդդմության կողից իշխանափոխության մասին հնչեցված կարծիքներին՝ շեշտելով, որ կորոնավիրուսից հետո ամեն ինչ առաջ կգնա իր բնականոն հունով, հետևաբար՝ անիմաստ է խոսել արտահերթ զարգացումների մասին։

«Մեր ընդդիմադիրները և նաև ռևանշիստները հնարավորություն կունենան իրենց հայացքները ժողովրդի մոտ քննություն բռնելու փորձը կիրառել, որից հետո նոր կարող են գնահատականներ տալ… Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարող վերադառնալ, ժողովուրդը կարող է նույնիսկ մի քանի տարի հետո մեզանից երես թեքել, բայց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարողանա վերադառնալ երբեք»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս