Արայիկ Հարությունյանը չի մասնակցել «Իմ քայլի» հետ փակ հանդիպմանը
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր չի մասնակցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ նախատեսված փակ հանդիպմանը։
Ըստ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ Հարությունյանը դեռ կգա, պատրաստակամություն ունի գալու և հանրակրթական նոր չափորոշիչները պատգամավորների հետ քննարկելու։
«Պարոն Հարությունյանն իրականացնում է իր ամենօրյա աշխատանքը և չի՛ կարող իր աշխատանքը ընդհատել և այն պայմանավորել Ազգային ժողովի պատգամավորների հետ աշխատանքով, սակայն նա հաշվետու է իր արարքների համար, և, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ քաղաքականությունը խնդրահարույց լինի, ավելի գործնական քայլեր կարվեն այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ նախարարը ճիշտ ուղու վրա է»,- առանց Արայիկ Հարությունյանի մասնակցության անցկացված նիստից հետո Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ըստ նրա՝ ԿԳՄՍ նախարար Հարությունյանն արդեն հասցրել է իր հակափաստարկները ներկայացնել Հանրային հեռուստաընկերության եթերում, այնպես որ, մշակված չափորոշիչների վերաբերյալ քննադատությունները, մեծ մասամբ, տենդենցիոզ են։