«Էրեբունու սոցապ բաժնի պետն ասում էր՝ ձեր տան վարձը 25.000 դրամ է, մի 10.000 դրամի կոմունալ ծախսերը, ամսվա մեջ մի 15-20.000 դրամ էլ որ աշխատի՝ հերիք է ձեզ»․ Երիտասարդ ընտանիքն օգնության կարիք ունի

Էրեբունիում բնակվող երիտասարդ ընտանիքն օգնության կարիք ունի. նրանց անհրաժեշտ է աշխատանք, սնունդ,  նորմալ պայմաններով բնակարան:

«Ամուսինս օրավարձով է աշխատում: Ինչ աշխատանք լինում է՝ կատարում է, բայց հիմնականում դրանք ֆերմայի հետ են կապված լինում: Ես կենսաբան-մանկավարժ եմ՝ մագիստրոսի որակավորմամբ, մոտ 4 տարի մանկավարժ եմ աշխատել Վանաձորում, երկուսս էլ ծնունդով այնտեղից ենք: Հիմա նոր քիչ-քիչ մարզերը սկսում են շնչել, իսկ նախկինում այդպես չէր, դրա համար տեղափոխվեցինք Երևան: Ես դիմել էի սոցապ՝ «Այլ վայր» ծրագրի համար, բայց արհամարհական վերաբերմունքի արժանացանք: Կարող էին որևէ գյուղական վայրում բնակարան տրամադրել. շատ տներ կան՝ նայում ես, ողբալի վիճակում են,  ոչ դուռը բացվել է, ոչ էլ հույս կա բացվելու: Կուզեի տրամադրեին, ամեն ամիս վճարեի, բայց իմանայի, որ վերջում դա ինձ է մնալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինեսսա Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է աշխատանք գտնելուն՝ նա նշեց, որ այստեղ էլ խնդիր է առաջացնում գրանցման հասցե չունենալը:

«Ընդամենը խնդրում էի, որ միջնորդեին աշխատանքի համար: Գոնե միջնորդեն, որ որևէ տեղ ժամանակավոր գրանցվեմ ու կարողանամ սոցապ մտնեմ, թղթաբանության հարցը լուծեմ: Այս պահին թեկուզև վաճառողուհու աշխատանքի համար էլ եմ դիմում, ուզես-չուզես՝ պետք է գրանցվես, բայց քանի որ փաստաթղթերի հետ կապված խնդիր ունես, չես կարողանում աշխատել: Ինձ Էրեբունու սոցապ բաժնի պետը կանգնել, ասում էր՝ ձեր տան վարձը 25.000 դրամ է, ենթադրենք՝ մի 10.000 դրամի կոմունալ ծախսերը, ամսվա մեջ մի 15-20.000 դրամ էլ որ աշխատի՝ հերիք է ձեզ: Այ ցավդ տանեմ՝ դու մի հատ մտի շուկայի գները նայի, ոնց նայում ես՝ 400-500 դրամ վարունգն ու լոլիկն է, մրգերի մասին էլ չեմ խոսում»,- հավելեց Ինեսսան:

Ամուսնու՝ Վանիկ Գրիգորյանի խոսքով, եթե աջակցություն լինի, կկարողանա գնել ընտանի կենդանիներ և հոգալ ընտանիքի կարիքները:

«Ասում են՝ կնոջդ ու երեխայիդ չգիտեմ որ կազմակերպություն ուղարկի: Ավելի լավ է՝ ես աշխատելուց մեռնեմ, քան նման բան անեմ, կամ ո՞նց եք պատկերացնում, ասենք, 10 օր կամ մեկ ամիս ընտանիքին ուղարկեցիք այդտեղ ապրելու, բա դրանից հետո իմ կյանքում ինչ-որ բան փոխվելո՞ւ է, գրոշներով կարո՞ղ է կյանք փոխվել, որ ընտանիքիդ հետ կանչես: Բնականաբար՝ ոչ: Ի տարբերություն կնոջս, ով ընտանիքի միակ զավակն է եղել, իրեն պահել են, կրթության են տվել, ես հենց աչքերս բացել եմ, այդ սոցիալական խնդիրն իմ մարմնի վրա զգացել եմ: Ամիսներով ու շաբաթներով 4 երեխա հացի կտոր չի ունեցել: Բայց, եթե իմ ծնողի սխալն է, ժամանակին նպաստ են կտրել՝ ձայն չի հանել, սա չի արել, նա չի արել, ես չեմ ուզում այդպես: 10 տարեկանում գնում գառ էի պահում, դրա հետևանքով շների բերանն ընկա: Ես վատ եմ զգում, որովհետև չեմ ուզում, որ իմ երեխան իմ նման ապրի: Ընդամենը ուզում եմ ինձ հնարավորություն տան. ինչ անում եմ գրոշներով ու իմ կյանքի հաշվին,  նույնը անեմ, գոնե 10 տարի հետո ի վիճակի լինեմ իմ երեխային ինչ-որ բանի հասցնեմ»:

Տեսանյութեր

Լրահոս