Բաժիններ՝

Toyota-ն եռամսակային զուտ շահույթը կրճատել է 74 տոկոսով

Toyota Motor ավտոարտադրողի զուտ շահույթը ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է հունիսին, կրճատվել է 74 տոկոսով՝ մինչեւ 158,84 մլրդ իեն (1,5 մլրդ դոլար) 2019 թվականի ապրիլ-հունիսի 619,13 միլիարդ իենի համեմատությամբ: Ցուցանիշի դինամիկան ընկերությունը բացատրել է կորոնավիրուսի պատճառով վաճառքների անկումով եւ արտադրության սահմանափակումներով: Փորձագետները, որոնք մասնակցել են FactSet-ի հարցմանը, զուտ շահույթը միջին հաշվով կանխատեսել էին 66,73 մլրդ իենի մակարդակով: Ավտոարտադրողի գործառնական շահույթն ընկել է 98 տոկոսով՝ մինչեւ 13,92 մլրդ իեն: Ճապոնիայում Toyota-ի գործառնական շահույթը կրճատվել է 82 տոկոսով՝ մինչեւ 77,4 մլրդ իեն, Ասիայի մյուս երկրներում՝ 61 տոկոսով՝ մինչեւ 42,8 մլրդ իեն:

Toyota-ի հյուսիսամերիկյան ստորաբաժանումը գործառնական շահույթ է գրանցել 68,5 մլրդ իենի չափով՝ մեկ տարի առաջվա 112,6 մլրդ իեն շահույթի համեմատությամբ: Անցած եռամսյակում Toyota-ն վաճառել է 1,848 մլն ավտոմեքենա՝ մեկ տարի առաջվա 2,709 մլն մեքենայի համեմատությամբ:

«Թեեւ մենք կարծում ենք, որ գլոբալ ավտոմոբիլային շուկան աստիճանաբար վերականգնվելու է ցածրակետի հասնելուց հետո եւ նախորդ տարվա ցուցանիշներին է վերադառնալու 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի առաջին կիսամյակին, COVID-19-ի համավարակի հետեւանքներն ընդգրկուն են եւ լուրջ, ինչի կապակցությամբ շուկան անկայուն է մնալու դեռ որոշ ժամանակ»,-ասվում է կորպորացիայի հաշվետվության մեջ: Toyota-ն կանխատեսում է, որ ընթացիկ ֆինանսական տարում իր զուտ շահույթը կազմի 730 մլրդ իեն, ինչը 64 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ընկերությունը միեւնույն ժամանակ հաստատել է տարեկան գործառնական շահույթը 500 մլրդ իենի, հասույթը՝ 24 տրլն իենի մակարդակով: Toyota-ի բաժնետոմսերն օգոստոսի 6-ին սակարաններում թանկացել են 2,3 տոկոսով: Դրանց արժեքը 12 տոկոսով նվազել էր ընթացիկ տարվա սկզբից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս