Սերժ Սարգսյանի առաջին քայլը՝ e2-e4

Ինչպես հայտնի է աշխատանքն ավարտեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որին, օրվա իշխանության և հանրության շատ ներկայացուցիչների համար անակնկալ, ներկայացավ և հանձնաժողովականների հարցերին պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հանձնաժողովից դուրս գալուց հետո լրագրողներին և ողջ հասարակությանը հայտնեց, որ երկրում գործող արտակարգ դրության ավարտից հետո հրավիրելու է մեծ ասուլիս և կպատասխանի Ապրիլյան պատերազմին վերաբերող բոլոր հարցերին։ Ինչպես տեսնում ենք, արտակարգ դրությունը դարձել է բոլորիս համար պատուհաս և այն ամենաուղղակի ձևով ազդեց նաև նախագահ Սարգսյանի նախաձեռնությանը, սակայն ինչպես ասում են, ցանկացած իրավիճակում կա լուծման տարբերակ և հենց այս փուլում օգնության հասան նորարար տեխնոլոգիաները։

Այսօր Սերժ Սարգսյանը կատարեց առաջին քայլը կամ շախմատային լեզվով ասած՝ e-2-e-4-ը։ Առավոտյան համացանցում տարածվեց հայաստանյան քաղաքական-տեղեկատվական դաշտում մի նոր ձևաչափով ՀՀ երրորդ նախագահի անկեղծ խոսքը հանրության հետ։ Նոր ու ստեղծագործ մոտեցում՝ վիզուալ և վերբալ կանոնների հետաքրքիր համադրությամբ։ Մի քանի մասից բաղկացած տեսաուղերձներում Սերժ Սարգսյանը պատասխանում է Ապրիլյան քառօրյային վերաբերող կարևոր և առանցքային հարցերին։ Իհարկե այս տեսաուղերձը չի փոխարինելու Սարգսյանի խոստացած ասուլիսին, ասուլիս լինելու է արտակարգ դրության ավարտից հետո։ Սակայն ընտրված ձևաչափը, նախագահի ներկայացրած մեկնաբանություններն ու թեզերը բավականին առանցքային են։ Սերժ Սարգսյանը շատերին մատուցեց նաև որոշ անակնկալներ՝ հայտարարեց՝ «վերադարձ անցյալին չի լինելու»։

Նախագահ Սարգսյանը սիրում է որոշակի կոդավորված և ենթատեքստերով մտքեր արտահայտել, ուստի փորձենք հանրության համար ավելի մատչելի տարբերակով ներկայացնել նրա ասած տվյալ պնդումը։ Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր այդ պնդմամբ հայտարարում է, որ իր և իր թիմակիցների նպատակը բնավ էլ իշխանության վերադառնալու մոլուցքը չէ, հատկանշական է, որ նաև այն, որ իր փոքր, բայց բովանդակալից տեսաուղերձում նա նախ ակնարկում է, որ ժամանակին թույլ են տրվել սխալներ և, որ ամենակարևորն է, ընդունում է այդ սխալները։

Սարգսյանի այն միտքը, որ «վերարժևորենք անցյալը՝ ապագան կառուցելու համար», վկայում է, որ անցյալում կան բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ, որոնք պետք չէ անտեսել։ Ի տարբերություն Փաշինյանի, որը սիրում է պարբերաբար հայտարարել, թե «անցյալին վերադարձ չի լինելու», և այդ կերպ ոչնչացնում, ուղղակի խաչ քաշում անցյալի վրա և փորձում ամեն ինչի սկզբնակետն ու ելակետը համարել 2018 թվականը, Սարգսյանը տրամագծորեն հակառակ վերաբերմունքն ունի․ նա փորձում է տրամաբանական կապ հաստատել անցյալի ու ապագայի հետ՝ այդ կերպ ամրապնդելով պետության հաջորդականության գաղափարը։

«Վերադարձ անցյալին չի լինելու» ասելով` Սարգսյանը փաստորեն ակնարկում է, որ ինքը իշխանության չի ձգտում, բայց օրվա իշխանության դեմ պայքարում պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտում գործող բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ։ Այս կերպ նախագահ Սարգսյանը կարծես ստանձնում է նաև անցյալի «պահապանը», որ փորձում է ամեն կերպ ոչնչացնել Նիկոլը։ Ակնհայտորեն, Սերժը Նիկոլին իր խոսքում դաս է տալիս՝ անցյալի վրա խարսխվելով, ապագան կառուցելու առումով։ Տարիներ շարունակ տարբեր տեղեկատվական միջոցներով և տեխնոլոգիական հնարքներով, ՀՀ ընդդիմադիր սեկտորը, որն այսօր ՀՀ քաղաքական իշխանությունն է և պատասխանատու է երկրում ընթացող ցանկացած իրադարձության համար, «մատի փաթաթան» և անհարկի շահարկման թեմա էին դարձրել Ապրիլյան պատերազմը և այդ պատերազմի հետ առնչվող մի քանի տասնյակի հասնող միֆեր ու առասպելներ։ Եթե այն ժամանակ իշխանությունները այսօր տարածված տեղեկատվական միջոցներով հանրության հետ անկեղծ խոսեին ու տային բոլոր հարցերի պատասխանները, շատ միֆեր ու առասպելներ հօդս կցնդեին։ Քանզի այսօր արդեն ակնհայտ է, որ դրանք ընդամենը դասական քաղաքական մանիպուլյացիաներ էին, որ ծառայում էին կոնկրետ խմբի շահերին։ Պաշտոնական, հաճախ կցկտուր, հաղորդագրությունների փոխարեն հանրության հետ պարզ ու հասարակ շփման պարագայում մեր քաղաքական խճանկարն այլ կլիներ։ Մեղադրանքների շարանը բավական նայիվ էր ու ակնհայտ արհեստական, ուղղակի Փաշինյանի «խաղադրույքը» չորս տարի առաջ աշխատեց այնքանով, որ այն օրերին իշխանությունները բաց ու անմիջական չխոսեցին հանրության հետ, որպեսզի հստակ ու կոնկրետ պարզաբանեն ու ներկայացնեն, թե ի՞նչ է կատարվել այդ չորս օրերի ընթացքում, ի՞նչ քայլեր է ձեռնարկել այդ օրերի իշխանությունը և որ քառօրյա պատերազմում, հայկական կողմը կատարյալ հաղթանակ է տարել ռազմավարական, իսկ հետագայում նաև դիվանագիտական։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս