Բաժիններ՝

Լիբանանահայության համար արդեն շուրջ 40.000 դոլար է հավաքվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց, որ հիմնադրամը մշտապես տարբեր աջակցության ծրագրեր է ունեցել այն հայ համայնքների համար, որոնք ծանր իրավիճակում են հայտնվել.

«Վստահ եմ՝ գոնե այստեղ հավաքվածները գիտեն, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում հիմնադրամը և իր տարածքային կառույցները տարբեր երկրներում, ինչպես նաև Արցախի կառավարությունը, բավական մեծ դրամական օգնություն տրամադրեցին Լիբանանի հայկական կրթական հաստատություններին՝ բոլորին անխտիր:

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին շուրջ 150 հազար դոլարի դրամական օգնություն ցուցաբերվեց Լիբանանի առաջնորդարանի միջոցով, և երկու ամիս առաջ՝ ևս 55 հազար դոլարի օգնություն տրամադրվեց էլի կրթական հաստատություններին: ՀՀ  տեղական մարմնի միջոցով բաշխվեցին գումարները՝ միայն արդարացի, աշակերտների թվով գոնե փորձեցինք ինչ-որ ձևով մեղմել տնտեսական ճգնաժամը, որը մեծապես անդրադարձել է Լիբանանի հատկապես հայ կրթական հաստատությունների վրա: Լիբանանի հայ համայնքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, ինչպես դա ժամանակին եղել է նաև Սիրիայի պարագայում»:

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ  լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում:

Անդրադառնալով այս դրամահավաքին՝ Հայկակ Արշամյանը տեղեկացրեց. «Միայն մեկ օրվա ընթացքում արդեն երկու հարյուր նվիրատու ունենք կայքում, և հավաքվել է 40 հազար դոլարից ավելի գումար: Հուսամ, այս տեմպը կշարունակվի»:

Հիմնադրամի տնօրենը նկատեց՝ դրամահավաքը երկու ուղղություն ունի՝ կարճաժամկետ՝ մոտակա ամենակարևոր անելիքների համար, և ավելի երկարաժամկետ՝ դեպի Հայաստան լիբանանահայերի ակնկալվող ներհոսքի համար. «Պետք է այսօրվանից պլանավորենք-գծենք,  թե ինչպես պետք է մեր հայրենակիցներին ժպիտով, շատ հարգալից ընդունել հայրենիքում, եթե դրա կարիքը լինի»:

Անդրադառնալով նախատեսված Լիբանան այցին՝ Հ. Արշամյանը շեշտեց.

«Մենք գնում ենք այնտեղ հիմնականում լսելու, տեսնելու, հասկանալու, կարիքները գնահատելու. այսպես ասած՝ մի այց է, երբ ավելի շատ պետք է խոսեն լիբանանահայերը, քան մենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս