Բաժիններ՝

Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ սահմանափակումներն օր առաջ վերանան, և մենք վերադառնանք բնականոն կյանք. Փաշինյան

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Կառավարության հունիսի 12-ի նիստում օպերատիվ հնարավորություններ ունեցող մարմիններին հանձնարարեցիք տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են՝ կորոնավիրուս չկա, հարցին` արդյոք Ձեր հանձնարարականը կատարվե՞լ է և պարզվե՞լ է՝ ովքեր են այդ մարդիկ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Պարզվել են մարդիկ, շրջանակներ, ովքեր այդ տիպի քարոզչություն են ծավալել և շարունակում են քարոզչություն ծավալել, այլ հարց է, թե ինչքանով է նրանց արարքն այսօրվա քրեաիրավական կամ օրենսդրության տեսակետից, ինչ սանկցիաներ, գործողություններ է առաջացնում. մենք այդ ամեն ինչը վերլուծում ենք»:

Նրա խոսքով՝ քննարկվում են կրթությունը վերսկսելու վերաբերյալ մի քանի մոդելներ։ Ըստ Փաշինյանի՝ պետք է արձանագրել, որ բոլոր սահմանափակումների վերացումը կախված է վարակի տարածման տեմպից, իսկ վարակի տարածման տեմպը կախված է յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակից և որակից:

«Եվ, հետևաբար՝ եկեք արձանագրենք, որ այս որոշումները ոչ թե  Կառավարությունն  է կայացնում, այլ բոլորս:  Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ սահմանափակումներն օր առաջ վերանան, և մենք վերադառնանք բնականոն կյանք, բայց մենք  այդ որոշումը կայացնելիս պետք է համոզված լինենք, որ հետ չենք գլորվելու կրկին հուլիսյան իրավիճակին»:

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ այսօր էլ պարետատան նիստում քննարկել են հանրակրթության ոլորտի կառավարման հակահամաճարակային իրավիճակի պլան, բայց թե  կոնկրետ այդ պլանի սցենարներից որը կիրագործվի՝ կախված է թվերից. որքան ցածր լինեն թվերը, այնքան ավելի հավանական է, որ հանրակրթությունը և բարձրագույն կրթությունը կիրականացվի առկա ձևով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս