Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին. tert.am
Այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:
Tert.am-ը ազատման դիմում գրելու պատճառների մասին զրուցել է փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի հետ:
– Պարոն Եսայան, ի՞նչ պատճառաբանությամբ եք ազատվել աշխատանքից:
– Պատճառների մասին չեմ ուզում հիմա խոսել: Նախ ես դեռ ազատված չեմ, ես դեռևս ազատվելու դիմում եմ ներկայացրել:
– Ինչո՞ւ եք ներկայացրել ազատման դիմում:
– Էլի եմ ասում՝ այդ թեմայով չեմ ուզում հիմա խոսել: Ճիշտ հասկացեք ինձ, հիմա ցանկություն չունեմ խոսելու: Եթե մարդուն աշխատանքից ազատում են, դա տոն չի, չէ՞:
– Այլ պաշտոն առաջարկե՞լ են:
– Ոչ:
– Աշխատանքի հետ կապված խնդիր է եղե՞լ, թե՞ քաղաքական որոշում է սա:
– Ես ասացի՝ այդ հարցին չեմ ուզում պատասխանել, տրամադրված չեմ խոսելու:
– Մեկ օրում երկու փոխոստիկանապետ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, սա նորմա՞լ է:
– Դե հիմա այդպես էլ է պատահում, կյանքում ամեն ինչ էլ լինում է:
– Որոշե՞լ եք՝ ինչով եք զբաղվելու:
– Ոչ, դեռ ոչ, որովհետև ես էլ չէի սպասում, այնպես չէ, որ սա ես պլանավորել էի:
– Ստացվում է մեկ օրո՞ւմ է որոշվել, որ ասում եք՝ անսպասելի է եղել ձեզ համար:
– Ես ասացի: Ասացի՝ ազատման պատճառների մասին չեմ ուզում խոսել և ասացի՝ ինձ համար անսպասելի է եղել սա: