Բաժիններ՝

Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով իմ կողմից բարձրացրած մտահոգությանը, թե գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա, նշել է, որ Առողջապահության նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի պակաս ընդհանրապես չունի։
Իհարկե, սա շատ կարևոր արձանագրում է, որ արվել է խոսնակի կողմից, բայց մնում են բազմաթիվ հարցեր, որոնք, այնուամենայնիվ, պատասխան չեն ստանում։
1. Եթե իսկապես ունեցել ենք բավարար քանակով թեստեր, ապա ինչո՞ւ են այսքան քիչ թվով մարդիկ անցել և անցնում թեստավորում։ Ինչո՞ւ են հարյուրավոր, հազարավոր մարդկանց մերժում թեստավորել, և նրանք ստիպված գնում են մասնավոր լաբորատորիաներ, բավականին թանկ վճարում և հաճախ ստանում դրական պատասխան։

Եվ ի՞նչ են անում այն մարդիկ, որոնք չունեն մասնավոր լաբորատորիայում թեստավորման գումար և ունեն մեղմ սիմպտոմներ. ենթադրաբար՝ շարունակում են գնալ աշխատանքի, շփվել և վարակել շրջապատին։ Ինչպե՞ս կարող ենք ուրեմն խոսել արդյունավետ հայտնաբերման և մեկուսացման մասին։ Մենք կկարողանայինք վստահաբար խոսել հիվանդացության կորի նվազման մասին, եթե արված թեստերի և դրական պատասխանների հարաբերակցությունը մեծ լիներ։ Շատ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք վարակակիրների թիվը նվազել է, թե՞ դա պարզապես քիչ թեստերի արդյունքն է։ Չեմ թաքցնում, կա նաև վարկած, որ թեսթերի որակն է «ոչ այնքան լավը»։

2. Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը։ Բազմաթիվ երկրներ են ընտրել այդ ճանապարհը։ Կառավարությունն անընդհատ խոսում է համաճարակի դեմ պայքարի իրենց քաղաքականության մասին։ Ո՞րն է այդ քաղաքականությունը՝ ինքնահոսի մատնված վիճա՞կը։ Բազմաթիվ երկրներ գնում են հակամարմինների հայտնաբերման զանգվածային անալիզի ճանապարհով։ Սա շատ կարևոր է՝ հասկանալու համար հիվանդացած, բուժված, հակամարմիններ ունեցող քաղաքացիների թիվը։ Ամբողջ աշխարհը հաշվարկում է երկրորդ ալիքի հնարավորությունը, և արդեն իմունիզացված մարդկանց հայտնաբերումն այս պահին միակ իրատեսական գործիքն է այս պահին կանխատեսումներ անելու համար։ Չխոսեմ արդեն հետազոտական-վերլուծական աշխատանքի մասին, որը մինչ այժմ չգիտենք՝ արվու՞մ է արդյոք։

3. Ինչո՞ւ է հայտնաբերվող հիվանդների թվի նվազմանը զուգահեռ շարունակում բարձր մնալ մահերի ցուցանիշը։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ առաջնային օղակում թեստերը ժամանակին չեն անում, ինչի արդյունքում հիվանդը երկար ժամանակ մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։ Իսկ գուցե շատերն ուշացնում են իրենց բուժումը, որովհետև ինքնուրույն տնային պայմաններում չեն կարողանում հոգալ այդ ծախսերը, որոնք բավական մեծ գումար են կազմում։ Հետո, արդեն ծանր վիճակում, հայտնվում են հիվանդանոցում։

4. Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Հետևանքները, կարծում եմ, ենթադրելի են։

5. Ունե՞նք արդյոք մենք հետազոտություն, թե ինչպիսին է մահերի վիճակագրությունը տարբեր հիվանդանոցներում. արդյո՞ք հապճեպ Covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ։ Կա՞ն արդյոք նման հետազոտություններ։

Այս հարցերի պատասխանները մենք չունենք։ Այդ պատասխանները կօգնեն՝ ավելի լավ կազմակերպել աշխատանքը, փրկել այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։ Ի վերջո, մենք ամեն օր մեծ թվով մահեր ենք տալիս, և պետությունը սա ահազանգ չի համարում։ Նույնիսկ, բազմաթիվ երկրների օրինակով, գոնե հիշատակի օր չի հայտարարվել՝ հարգելու կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հիշատակը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս