Բաժիններ՝

Լիբիայի ԱՀԿ-ի ուժերը պատրաստվել են Հաֆթարի բանակի վրա հարձակմանը

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) զինված ուժերն ավարտել են անհրաժեշտ բոլոր նախապատրաստությունները Սիրտ եւ Ալ-Ջուֆրա քաղաքների վրա հարձակվելու համար: Այդ մասին հաղորդել է գործողության շտաբի ներկայացուցիչ Աբդելհադի Դրախը: Նրա խոսքով՝ ուժերը, որոնք գործի են դրվել գործողության մեջ, «ստացել են ռազմական օգնություն եւ թիկունքային աջակցություն ու պատրաստ են ձեռնամուխ լինել Սիրտի եւ Ալ-Ջուֆրայի ազատագրմանը», եթե Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆ Հաֆթարի հետ բանակցությունները՝ այդ քաղաքներից իրենց կազմավորումների դուրսբերման շուրջ, ավարտվեն ձախողմամբ, օգոստոսի 4-ին հաղորդել են լիբիական ԶԼՄ-ները:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Լիբիայի արեւմուտքը, ներառյալ Տրիպոլի մայրաքաղաքը, վերահսկում է ԱՀԿ-ն, իսկ արեւելքը՝ Հաֆթարի բանակը, որին աջակցում է Թոբրուք քաղաքում նիստեր գումարող խորհրդարանը: 14 ամիս շարունակ ԼԱԲ-ը փորձել է վերցնել Տրիպոլին: Հունիսին ԱՀԿ-ի ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ, վերջ են դրել քաղաքի պաշարմանը եւ Հաֆթարի ուժերին հետ մղել դեպի Սիրտ-Ալ-Ջուֆրա գիծ, որը համարվում է դեպի Լիբիայի «նավթային մահիկ» տանող դարպասներ: Միջազգային հանրակցությունը ջանքեր է ներդնում Լիբիայում հրադադարի հասնելու եւ խաղաղ գործընթաց սկսելու նպատակով: Սակայն թե՛ մեկ, թե՛ մյուս հակամարտող կողմերը նախապայմաններ են առաջադրում բանակցություններ սկսելու համար: Արաբական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, օրերս Հաֆթարը կոչ է արել ԱՄՆ-ին՝ պաշտպանել Լիբիայի ցամաքային եւ ծովային սահմանների նկատմամբ միջազգային վերահսկողության գաղափարը, որպեսզի վերջ դրվի Թուրքիայի կողմից Ազգային համաձայնության կառավարությանը զենք մատակարարելուն:

Իր հերթին գործողության շտաբի ներկայացուցիչ Աբդելհադի Դրախը Ռուսաստանին մեղադրել է «երկակի չափորոշիչների» մեջ, պնդելով, որ նա ԱՀԿ-ին աջակցում է խոսքերով, դրա հետ միասին անդրկուլիսային օգնություն է ցուցաբերում Հաֆթարի ուժերին, գրում է The Libya Observer թերթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս