«Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն, ինչ ցանկացած հայ կին, հայ աղջիկ, հայ պետք է ասեր». Գուրգեն Եղիազարյան 

Քաղաքական ու հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մարգարիտա Սիմոնյանի վերջին գրառումներից մեկին, որտեղ RT-ի գլխավոր խմբագիրն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրված և «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածին: Գ. Եղիազարյանը համոզված է՝  Մարգարիտա Սիմոնյանն ասել է  այն, ինչ ցանկացած հայ կին, հայ աղջիկ, հայ պետք է ասեր:

Հիշեցնենք, Մ. Սիմոնյանը տեղադրել էր Նիկոլ Փաշինյանի խմբագրականից մի հատված, ապա պատասխանել դրան. «Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել և շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետև մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների և անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ:

Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների:

Նիկոլ Փաշինյան, 2005 թ.»:

Մարգարիտա Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի հոդվածից հատվածը մեջբերելուց հետո գրում է.

«Նենեգա՛, իմ հրաշք նախատատ, որ ցեղասպանություն ես վերապրել և ինձ դաստիարակել մարդկության պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ակնածանքով, ինչ լավ է, դու սա չես տեսնում, սիրելիս:

Դու չգիտես, որ Հայաստանում ղեկին են դրել մարդու, որը քեզ, Նենեգա, քեզ, ում աչքի առաջ յաթաղանով կոտորել են ողջ ընտանիքիդ, և միայն ավագ քույրդ ինքն է խեղդվել, որ կենդանության օրոք չընկնի ենիչերիների ձեռքը, նա ՔԵԶ՝ սրբիդ, մեղադրում է «ցեղասպանության ու անբարոյականության մեջ»:

Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը Հայաստանում այդքան աղմուկ բարձրացրեց: Ես իսկապես մաս չեմ այն հասարակության, որն ունակ է ուրախանալ ինչ-որ մեկի իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծ պատմությունը, հայհոյում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տխրահռչակ ու մանկուրտ: Իմ Նենեգան կթքեր նրա աչքերի մեջ:

Ամո՛թ»»:

Անդրադառնալով RT-ի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան գրառմանը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հեղինակած և 2005 թվականին հրապարակված հոդվածին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց.

«Ես չեմ կարող ասել, թե ովքեր են պաշտպանում, կամ էդ ի՞նչ ծնունդ պետք է լինել՝ այդ գրառումը պաշտպանելու համար:  2005 թվականին էր, չէ՞, այդ բարբաջանքը,- ասաց  Գ. Եղիազարյանը, ապա շարունակեց,- Անբարոյականությունը ո՞րն է. 20-րդ դարում Ցեղասպանության ենթարկված առաջին ժողովուրդն ենք: Այդ յաթաղանները, այդ այլասերումը, այդ թուրքական վրեժխնդրությունը, այդ ամեն ինչ մի կողմ դրած՝ խոսում է մի բանի մասին… Եվ ո՞վ  է խոսողը՝ իբրև հայի ազգանունով մեկը:   Գիտե՞ք՝ սա ինչ է նշանակում. երիցս ապրի Մարգարիտա Սիմոնյանը, որը պահելով իր ինքնությունը՝ որպես հայի, ասել է այն, ինչ որ ցանկացած հայ պետք է ասեր:

Եվ նա զուր չի բերում այդ օրինակը, որ տատի քույրը ինքնասպան է եղել, որպեսզի թուրքի ձեռքը չընկնի, և այս ողորմելին կոչում է դա անբարոյականություն: Մարգարիտա Սիմոնյանն ասել է այն, ինչ ցանկացած հայ կին, հայ աղջիկ, հայ պետք է ասեր: Ափսոսում եմ, որ կարճ է ասել»։

Նկատենք, թե՛ Մ. Սիմոնյանի գրառման տակ, թե՛ հայկական մեդիադաշտում պնդումներ կային, թե Նիկոլ Փաշինյանի հոդվածի հեղինակն իրականում Արման Բաբաջանյանն է, սակայն համացանցում այսօր էլ  տարածվում է  հոդվածի լուսանկարը` թերթից` Նիկոլի Փաշինյանի ստորագրությամբ. «Ն.Փ.»:

Տեսանյութեր

Լրահոս