«Հենց օրենքն այդ իրավունքն ինձ տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր». Հայկ Մարության
«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել՝ մեր քաղաքն ազատել տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնել»,- այսօր Մաշտոցի պուրակի ծառերի հատման ու կառուցապատման թեմայով հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ շատ հաճախ իրենց ցանկությունները բախվում են օրենսդրական պատնեշին:
Մարությանը նկատեց, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պայքարում է ոչ միայն այս, այլև յուրաքանչյուր պուրակի համար:
«Այդ տաղավարները, որ այն ժամանակ պետք է կառուցվեին, ուղղակի հանրային ճնշմամբ չթողեցին, որ պարոն Մարգարյանը կառուցի, ու մենք ունեցանք Մաշտոցի պուրակը: Բայց այնտեղ կա մի սրճարան, որը միշտ կար, որը ուներ 277 քմ՝ կադաստրով որպես սեփականության իրավունք գրանցված իր սեփականությունը, և 17 քմ որպես տաղավար՝ էլի կադաստրում գրանցված սեփականություն, և մենք ոչ մի բան դրա հետ չենք կարող անել»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Ըստ նրա՝ 2018թ. մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 386 քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ վարձակալություն, և դրա մեջ ֆիքսում է 277 և 17 քմ սեփականությունները, ժամկետը՝ մինչև 2040թ. դեկտեմբեր:
«Ես այդ որոշումը չեղյալ եմ համարել, ավելին, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277 և 17 քմ սեփական գույքը, որն իրենն է, քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը, այսինքն՝ ինքն էլ սեփականատեր չի լինելու, և դրա տեղը տալիս են այդ նույն տարածքում, փոքր տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալության, ինչը նշանակում է, որ այն գույքը, որը հիմա կառուցապատողը կառուցում է, համայնքային գույք է: Այս տարիներին ինքը վարձակալությամբ դա կօգտագործի, վարձակալության ժամկետն ավարտվելուց անմիջապես հետո դա դառնում է համայնքի, քաղաքի գույքը»,- ասաց Հայկ Մարությանը:
Վերջինս նշեց, որ սա ավելի լավ լուծում է եղած օրենսդրության պայմաններում, քան բուլդոզերով մտնել ու մարդկանց սեփականությունը քանդելը:
«Հենց օրենքն այդ իրավունքն ինձ տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր, բայց քանի օրենքն այդ իրավունքն ինձ չի տալիս, ես օրենքի սահմաններում մաքսիմալը քաղելու եմ այս քաղաքի համար»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Նրա խոսքով՝ ինքն այս քաղաքի ամեն ծառի համար և պատասխանատու է, և կռիվ է տալու:
«Անցած տարի ես հավաքեցի բնապահպաններին ու խնդրեցի գույքագրել այն ծառերը, որոնք կենսունակ չեն ու կարող են ընկնել, վնասել մարդկանց: Այդ ժամանակ մենք գույքագրեցինք 437 ծառ»,- ասաց Հայկ Մարությանը՝ նշելով, որ դրանք պոտենցիալ մահացու ծառեր են, և դրանք հատ առ հատ հատվել են, սակայն գնալով՝ այդ ծառերը շատանում են:
Նա նշեց, որ, երբ որոշում է կայացվում քանդել մարդու՝ տարիներով ստեղծած, բայց ապօրինի կառույցը, որոշում կայացնողն ինքն է, հետևաբար՝ միայն ինքն է վատամարդ դառնում:
«Բայց ես մի հոգու կպնելով՝ մեկ միլիոն մարդու եմ լավություն անում: Իմ ցանկացած որոշման մեջ գերական շահն է»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում