Ամուլսարի վերաբերյալ 168.am-ի հարցմանը Կառավարությունը կպատասխանի 30-օրյա ժամկետում

Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ 168.am-ը հուլիսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրավոր հարցում էր ուղարկել։ Մասնավորապես հետաքրքվել էինք.

«Ի՞նչ փուլում է Ամուլսարի գործընթացը:

Դուք կոչով դիմել էիք Ամուլսարի հանք ճանապարհները փակ պահող բնակիչներին, հորդորել՝ ապաշրջափակել այդ ճանապարհները, սակայն նրանք շարունակում են փակ պահել այդ ճանապարհները, ինչի հետևանքով հատկապես վերջին շրջանում մշտապես բախումներ են լինում՝ տեղի բնակիչների և «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների միջև:

Թե՛ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, թե՛ «Լիդիան»-ի աշխատակիցները, ուզում են հստակ պատասխան լսել՝ Ամուլսարը որպես հանք շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ:

Դուք նախորդ տարի նաև հայտարարել էիք, որ չկա Ամուլսարի հանքի շահագործումը կասեցնելու օրինական կամ իրավական հիմք, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այս անորոշությունը և դեռ որքա՞ն է այն ձգվելու»:

Այսօր 168.am-ը կառավարությունից ստացել է գրավոր պատասխան, որտեղ մասնավորապես նշված է.

«Ի պատասխան Ձեր էլեկտրոնային գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»:

Իսկ թե 30 օրվա ընթացքում ինչպիսի զարգացումներ կլինեն Ամուլսարում՝ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի հարակից շրջանների բնակիչները ինչպես նաև բնապահպանները ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել են, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դեպի հանք տանող ճանապարհին բնակիչների տեղադրված վագոն-տնակները հեռացրել են և դրանց փոխարեն իրենցն են տեղադրել: Նրանք կոչով դիմեցին Հայաստանի բնակիչներին, հորդորելով գնալ Ամուլսարի տարածք, որպեսզի թույլ չտան հանքի շահագործումը: Տեղի բնակիչները մարդկանց կոչ են անում հավաքվել ինչպես Ջերմուկում, այնպես էլ Կառավարության, նախարարության շենքերի մոտ

Տեսանյութեր

Լրահոս