«Եթե այդքան դուխով վարչապետ է, թող այնպես անի, որ այսօր էլ Ալիևը նման բանից բողոքի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ինչպե՞ս կարելի է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհությունը փրկելու համար սուտ տարածել և ԱԳՆ-ի մակարդակով ասել, թե Վիեննա, Սանկտ Պետերբուրգ համաձայնություն չի էլ եղել։

«Ձե՞ռ եք առել, լավ, կարելի՞ է  այդքան սուտ խոսել, կարելի՞ է այդ աստիճանի խաբեբա լինել։ 2016 թվականի մայիսին Վիեննայում տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև հանդիպում, որին մասնակցում էին նաև համանախագահող երկրների արտաքին գերատեսչության ղեկավարները։ Մեկ ամիս անց՝ նույն թվականի հունիսին, արդեն Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցավ Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որի արդյունքում պաշտոնական հայտարարությունն էր հրապարակվել մամուլում։ Նիկոլը գիտի, թե մարդիկ հիշողություն չունե՞ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Է. Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ 2016-18 թվականի Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում՝ մոտավորապես 10 հայտարարությունում հղում է արվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Իսկ 2018 թվականից մինչև օրս եղել է նմանատիպ զրո հայտարարություն։

«2,5 տարի տարի արժե՞ր մսխել մեր պետական, ազգային նպաստավոր դիրքերը բանակցային գործընթացում, որ նորից գալ-հասնել ՀՀԿ-ի կետին։ Երբ մենք իշխանությունից գնացել ենք, տվել ենք հստակ բանակցային առավելություն։ Մեր իշխանության օրոք է, որ Ալիևը բողոքել է, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Դե, եթե այդքան դուխով, հայրենասեր ու կարող վարչապետ է, թող այնպես անի, որ այսօր էլ Ալիևը նման բանից բողոքի»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս