Բաժիններ՝

«Մենք գանձ ենք կորցնում. իրենք թքած ունեն այդ շենքի վրա, մեզ վրա՝ առավել ևս». Տիգրան Հեքեքյան

«Արամի 23 հասցեում գտնվող շենքի վիճակը նույնն է, որևէ առաջընթաց տեղի չի ունեցել, շենքն ինչպես կար 1,5 տարի առաջ, այդպես էլ այսօր է։ Մեր բոլոր 1,5 տարվա ջանքերը՝ փորձելու մի բան անել և որոշ պետական պաշտոնյաների ստիպել մեզ հետ միասին այդ գործընթացում աշխատել՝ մեզ որևէ տեղ չտարավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագրի շրջանակներում, Արամի 23 հասցեում շինարարություն է իրականացնում շվեյցարահայ Վարդան Սերմաքեշը, նա այդ տարածքում ստորգետնյա ավտոկայանատեղի և հյուրանոց է կառուցում։ Այդ հասցեում 1995 թվականից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իր փորձերն է անցկացրել, բայց շենքը վթարային դառնալուց հետո դուրս է եկել տարածքից։

Տիգրան Հեքեքյանի  խոսքով՝ Քաղաքապետարանը նախագծերից մեկը հավանության էր արժանացրել, բայց  շինարարություն իրականացնող ընկերությունը տարբեր պատճառաբանություններով փորձել է չանել, իսկ վերջում, երբ խուսափելու տեղ չեն ունեցել, պատճառաբանել են, թե շինարարություն անելու համար փող չունեն։

«Ես առաջարկեցի, որ, եթե փող չունի, կարող ենք մաս-մաս անել, որից հետո նորից տարբեր պատճառաբանություններ եղան, թե՝ արի այսպես անենք, այնպես անենք։ Ասացի՝ լսեք, շինթույլտվություն կա, օրենքը թույլ չի տալիս, որ այդպես անենք։ Վերջը շինարարություն անելուց հրաժարվեցին, մենք դիմեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղից մեզ ասացին, թե՝ պայմանագիր կնքեք, ու սկսեց շինարարությունը։  Ասում ենք՝ լսեք, մենք լծակներ չունենք, ձեր գտած շինարարական ընկերությունն է, այնպիսի տպավորություն է, որ մենք ինչ-որ խուլի հետ ենք խոսում։ Ստեղծվել  է ունիկալ մի վիճակ, մենք վարչապետին նամակ ենք գրել, եթե սա էլ չաշխատեց՝ ուրեմն վերջնական կարող ենք բարձրաձայնել, որ սա ինչ-որ տեսակի սաբոտաժ է և կազմակերպված 1,5-ամյա քաշքշուկ՝ մի խումբ մարդկանց կողմից գրված սցենարով»,- հավելեց Տիգրան Հեքեքյանը։

Նա վստահ է, որ շինաշխատանքները ձգձգում են, որպեսզի կանգուն մնացած շենքի պատերը փլվեն, որն անհասկանալի ձևով չի քանդվում։
Ինչ վերաբերում է երգչախմբի պարապմունքներին, Տիգրան Հեքեքյանն ասաց, որ երգչախումբը որևէ պարապմունք չի անում, զումով էլ առհասարակ չեն պարապում՝ դա հեքիաթ է, այս մասին ասել է նաև Երգչախմբերի համաշխարհային ֆեդերացիայում հանդիպման ժամանակ։

«Զումով երգչախմբի հետ պարապելն ուղղակի անհնարին է, և ով էլ փորձի ասել, թե այդկերպ պարապում է՝ պարզապես խորամանկում է։ Որպեսզի մերկապարանոց չհնչի խոսքս՝ մեկ առ մեկ երեխաներին ձայնագրելով՝ կարողացա ստեղծել մի ստեղծագործություն, որն ուղարկեցի Երգչախմբերի համաշխարհային մրցույթին։ Աշխարհի 44 երկրներից 148 երգչախմբեր են մասնակցել այդ մրցույթին, որտեղ հատուկ մրցանակը շնորհվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին։ Եթե այսպես շարունակվի՝ երգչախումբը երևի չաշխատի։ Պարապմունքների տեղի համար մենք գտանք տարբերակ, որի համար պետք է վճարեր այն կառույցը, որը մեզ վնաս էր պատճառել, երկու ամիս վճարեցին ու այլևս չվճարեցին»,- շեշտեց Տ. Հեքեքյանը։

Նրա բնորոշմամբ՝ իրենք մի բան են ասում, պատկան մարմիններն այլ բան են անում, իրավիճակի հետ կապված՝ գրում են ԿԳՄՍ նախարարությանը, բայց պատասխանը ստանում են մեկ ամիս անց։

«Գրել ենք Կառավարության աշխատակազմի ղեկավարին, երկու ամիս սպասել ենք, ու ոչ էլ պատասխանել են։ Եթե ձեռագիրն արհամարհելն է, եթե քաղաքականությունը որոշված սցենարով արհամարհելն է, ապա դրա համար ես մի տեղ ասացի, որ այնպիսի տպավորություն ունեմ, որ այս գործով ես զբաղվում եմ ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում։ Մենք գանձ ենք կորցնում, իրենք թքած ունեն այդ շենքի վրա, մեզ վրա՝ առավել ևս»,- եզրափակեց Տիգրան Հեքեքյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս