Բաժիններ՝

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի չարաշահումների գործով մի շարք վկաներ են հարցաքննվել. ՔԿ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 23-ին ֆեյսբության իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ, հարուցվել է քրեական գործ:

Դրան հաջորդեցին պաշտոնանկությունները, հրաժարական տվեց նաև ՀՈԱԿ-ի այդ ժամանակվա տնօրեն Արմեն Բեգոյանը:

Վերջերս 168.am-ն անդրադարձել էր այս թեմային, զրուցել էր նաև Արմեն Բեգոյանի հետ, վերջինը հարուցված քրեական գործը որակել էր՝ կրկես: Նա մեզ հետ զրույցում հայտնել  էր, որ այդ գործի շրջանակներում ոչ ինքն է հարցաքննվել, ոչ էլ իր աշխատակիցները:

168.am-ը հարցով դիմել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանին, մասնավորապես, թե ի՞նչ ընթացքում է նշված քրեական գործը, կա՞ն արդյոք հարցաքննվածներ տվյալ  գործի շրջանակներում, թե՞ ոչ: Մամուլի խոսնակը մեզ որոշ՝ ընդհանրական տեղեկություն փոխանցեց գործի առնչությամբ.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող տվյալ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում), որը նախաքննության կատարման նպատակով քննչական բաժին ստացվել  է 2020 թվականի ապրիլի 20-ին: Քրեական գործով կատարվում է նախաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ: Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունելու անհրաժեշտ որոշումներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ:

Քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության պահանջն ապահովելու համար կատարվել և կատարվում են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ հաշվի առնելով քննության առանձնահատկությունները:

Քննության ընթացքում ապացույցների գնահատմամբ վերջնական իրավական գնահատական կտրվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների արարքներին»,- նշված է ՔԿ-ի պատասխանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս