«Հանրային ճնշումներ, մամուլի հրապարակումներ, կարծիքներ կարող են լինել, բայց ամեն դատավորի ներքին քաջության ու խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը». Մեսրոպ Մակյան
«Փակ գաղտնի քվեարկություն է լինելու: Բոլոր թեկնածուների վերաբերյալ, իհարկե, ունեմ իմ ուրույն կարծիքը և դիրքորոշումը: Օրենքն այնպիսին է, որ չի բացառվում՝ մինչև քվեարկությունը սկսելը նոր թեկնածուներ ի հայտ գան: Իհարկե, էլեկտրոնային փոստի միջոցով բոլոր դատավորներին նախապես տեղյակ է պահվել, որ ովքեր ուզում են առաջադրվել, լավ կլինի, որ մինչև երեկ դա անեն, որպեսզի քվեաթերթիկում լինի անունը»,- լրագրողների հետ զրույցում, խոսելով Ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելուն, ասաց դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը:
Նա նշեց, որ չի բացառվում, որ այսօր կլինեն ինչպես նոր թեկնածուներ, այնպես էլ իրենց թեկնածությունը հանող մարդիկ:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդը միասնական է քվեարկելու, Մեսրոպ Մակյանն ասաց, որ ԲԴԽ-ից մեկ թեկնածու պետք է ընտրվի, քանի որ Խորհրդում գիտնականների թիվն այս պահին գերակշռում է 5/4 հարաբերակցությամբ:
«Այն հանգամանքը, որ ԲԴԽ-ում դատավորներ կան, չի նշանակում, որ դա ԲԴԽ դիրքորոշում պետք է լինի: Կարծում եմ՝ ամեն դատավոր պետք է քվեարկի իր նախընտրությամբ»,- ասաց Մեսրոպ Մակյանը՝ նշելով, չի հաջողվում ԲԴԽ անդամ ընտրել, որովհետև չէր հաջողվում Ժողով հրավիրել տարբեր պատճառներով:
Մեսրոպ Մակյանն ասաց նաև, որ ԲԴԽ-ի վրա քաղաքական իշխանության ազդեցությունը զրո է, և սա ինքը հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ:
«Հանրային ճնշումներ, մամուլի հրապարակումներ, կարծիքներ կարող են լինել, բայց ամեն դատավորի ներքին քաջության ու խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»,-նկատեց ԲԴԽ անդամը:
Վերջինս ասաց նաև, որ չի լսել, որ վերջին ժամանակահատվածում երկրի ղեկավարը վատ ազդակ ուղարկի դատական համակարգի վերաբերյալ, հետևաբար երևի կա առողջացում:
«Ես կարծում եմ, վերջին 20-30 տարիների ընթացքում դատական համակարգը լավ առումով փոխվել է»,- եզրափակեց Մեսրոպ Մակյանը:
Մանրամասները՝ առաջիկա տեսանյութում: