Շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության հերթական նիստում հայտնեց, որ Հայաստանում վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակն էականորեն բարելավել է և բարելավվում է։
«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք։ Երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8877 են։ Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել։ Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշված դեպք և 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր։ Իսկ նման իրավիճակ, երբ 4 օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս, միայն մայիսի 24-ի դրությամբ է նման իրավիճակ արձանագրվել։ Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն այս համատեքստում ընդգծեց կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը, մասնավորապես՝ այն հատվածով և այն հատվածում, որտեղ կա քաղաքացիների ընդունելության հատված։ Հետևաբար՝ բոլոր տեղերում պետք է հստակ պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում և ձեռքերի հաճախակի ախտահանում։
«Օգոստոսի 1-ից սկսվելու է թոշակների բաժանման գործընթացը, նախորդ՝ հուլիսի 1-ի օրինակով մենք մեծ պրոբլեմներ ունեցանք բանկերի և «Հայփոստի» բաժանմունքներում։ Այնպես, որ պետք է աշխատեն, որպեսզի հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն։ Իհարկե, այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի հայրենակիցները»,-հավելեց վարչապետ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում