Բաժիններ՝

Սպիտակի բ/կ-ի կորոնավիրուսային կենտրոնն, ի վերջո, բուժքրոջ աշխատավարձը վճարեց

«Գնացի կենտրոն, գլխավոր հաշվապահը դուրս գրեց աշխատավարձս՝ 75 հազար դրամ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սպիտակի բ/կ-ի  կորոնավիրուսային կենտրոնի բուժքույր Ռոզա Զուլալյանը:

Հիշեցնենք՝ մենք մի քանի հրապարակումներով արդեն անդրադարձել ենք Սպիտակի բ/կ կորոնավիրուսային կենտրոնի բուժքույր Ռոզա Զուլալյանի ահազանգին, որ բուժկենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը չի վճարում իր աշխատավարձը:

Բուժքույրը պատմել էր, որ իրեն հուլիսի 9-ին Լոռու մարզի առողջապահության բաժնից ուղարկել են Սպիտակի բ/կ՝ Covid 19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոն:

«15 տարի աշխատած բուժքույր եմ, հետն էլ՝ գերազանց ավարտած: Հենց ինքն ինձ աշխատանքիս համար շնորհակալություն հայտնեց, բայց գումար չտվեց»,- նշել էր նա:

Սպիտակի բ/կ տնօրեն Վարդուհի Սիսակյանը, սակայն, մեզ հետ զրույցում հակադարձել էր, թե Ռոզա Զուլալյանի պատմածը չի համապատասխանում իրականությանը. «Բուժքույրը մեզ մոտ փորձաշրջան է անցել երկու անգամ. օֆիցիալ գրանցված է ամեն ինչ, ամեն ինչ հստակեցված է»:

Առաջին նյութը հրապարակելուց օրեր անց Ռոզա Զուլալյանը մեզ մեծ ոգևորությամբ տեղեկացրեց, որ Սպիտակի բ/կ-ից իրեն կանչել են՝ աշխատավարձ վճարելու, սակայն Սպիտակի բ/կ-ում նորից հրաժարվել էին վճարել.

«Ես մտա ներս, ինքը սկսեց բարձր տոնով խոսել, ես երեք անգամ զգուշացրի, որ ինձ հետ հանգիստ խոսի: Տեսնեիք` ոնց էր բղավում ինձ վրա ու ասում՝ գումարդ չեմ տալու»:

168.am-ը նորից կապ էր հաստատել Սպիտակի բ/կ տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ. Ի վերջո, իր աշխատավարձը տրվելո՞ւ է, թե՞ չի տրվելու՝ հարցին էլ, բ/կ տնօրենը պատասխանել էր. «Ինքը՝ որպես գրանցված աշխատող, մեզ մոտ գրանցված չի եղել»:

Կապ էինք հաստատել նաև Լոռու մարզի Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի հետ:

Հիշեցնենք՝ Ռոզա Զուլալյանի պնդմամբ՝ հենց Լուսինե Վարդանյանն է նրան ուղղորդել Սպիտակի բ/կ՝ նշելով, որ բուժքույրերի կարիք կա: Լուսինե Վարդանյանը մեզ փոխանցել էր. «Ինչքան տեղյակ եմ՝ իրեն պիտի կանչեին և վճարեին իր կատարած աշխատանքի համար: Հիմա ես չեմ կարող ասել՝ ինչ վիճակ է, կփորձեմ հասկանալ»:

Այսօր արդեն Ռոզա Զուլալյանի աշխատավարձը վճարել էին:

Ի դեպ, բուժքույրը մեզ փոխանցեց, որ ինքը դեռ աշխատող է համարվում. «Իրենք ինձ չեն ազատել աշխատանքից, ու եթե կարիք  կունենան (այսօր արդեն 90 հիվանդ էր.  60-ից 90 էր դառել), ինձ կկանչեն, որ ես գնամ աշխատեմ:

Բայց ինձ մոտ հարց է առաջացել, եթե իրենց ասելով՝ ինձ չէր հասնում գումար, որտեղի՞ց տվեցին»:

Այդ հարցը նաև մեզ էր հուզում, պատասխանը ստանալու նպատակով կրկին փորձեցինք կապ հաստատել բ/կ տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ, քանի որ նա պնդում էր, թե Ռոզա Զուլալյանը գրանցված չէ, հետևաբար՝ աշխատավարձ չպետք է ստանա, սակայն կապ հաստատել այդպես էլ չստացվեց։ Ըստ բ/կ աշխատակցի՝ նա սենյակում չէր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս