Բաժիններ՝

«Չի տալիս էդ մարդը, ասում է` չեմ տալիս և վերջ. ինքը հենց գիտի` դա իր սեփականությունն ա». Սպիտակի բ/կ-ի նախկին բուժքույրը պնդում է, տնօրենը՝ հակադարձում

Օրերս 168.amներկայացրել էր Սպիտակի բ/կ կորոնավիրուսային կենտրոնի արդեն նախկին բուժքույր Ռոզա Զուլալյանի ահազանգը, թե բուժկենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը չի վճարում իր աշխատավարձը:

Ըստ Ռոզա Զուլալյանի՝ իրեն հուլիսի 9-ին Լոռու մարզի առողջապահության բաժնից ուղարկել են Սպիտակի բ/կ՝ Covid 19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոն. «Բուժկենտրոնից ասել էին՝ հենց հիմա ուղարկեք՝ գա աշխատանքի, քանի որ հարյուր հիվանդ ունենք, չենք հասցնում,- մեզ հետ զրույցում պատմել էր արդեն նախկին բուժքույրը,- Հուլիսի 9-ին առավոտյան գնացի Սպիտակ քաղաքի քովիդ կենտրոն, ասացի՝ եկել եմ պայմաններին ծանոթանալու, ասաց՝ դրա ժամանակը չի, քանի որ շտապօգնություններն անընդհատ հիվանդներ են բերում, հինգ քույրով չեն հասցնում, դու վեցերորդն ես. սկաֆանդրը հագի, բարձրացի բաժանմունք հերթապահության:

Ի տարբերություն մնացած բուժքույրերի՝ ինձ ձևակերպեց, մի քանիսին էլ դուրս էր արել՝ պատճառաբանելով, թե՝ լավ չեք աշխատել: 7 հոգու դուրս էր արել, որոնցից մեկն էլ իմ ընկերուհի Վարդուհի Մուրադյանն է: Նրան ասել է՝ չես վարձատրվում, գնա տուն: Ասել է՝ դու փորձաշրջան ես անցել, նա էլ ասել է՝ սա այն տեղը չի, որ ես իմ առողջականի հաշվին փորձաշրջան անցնեի: Հետո ինձ էլ ասաց՝ չես վարձատրվում, գնա տուն, կսպասես իմ զանգին: Նա չի գրանցում բուժքույրերին, որ վաղը նրանք ապացույց չունենան: 15 տարի աշխատած բուժքույր եմ, հետն էլ՝ գերազանց ավարտած: Հենց ինքն ինձ աշխատանքիս համար շնորհակալություն հայտնեց, բայց գումար չտվեց»:

Սպիտակի բ/կ տնօրեն Վարդուհի Սիսակյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշել էր, որ Ռոզա Զուլալյանի պատմածը չի համապատասխանում իրականությանը, իսկ բուժքրոջ պնդմանը, թե աշխատել է, հակադարձել էր՝ «Բուժքույրը մեզ մոտ փորձաշրջան է անցել երկու անգամ. օֆիցիալ գրանցված է ամեն ինչ, ամեն ինչ հստակեցված է»:

Հարցին՝ վճարվե՞լ է փորձաշրջանի համար, նա պատասխանել էր. «Փորձաշրջանի համար բոլորը տեղյակ են, որ իրենք մտել են փորձաշրջան, դա կամավոր հիմունքներով է եղել, համապատասխանությունը որոշելուց հետո… փորձաշրջանի համար չի վճարվում»: Դիտարկմանը, թե ըստ Ռոզա Զուլալյանի՝ առաջին դեպքը չի եղել, և, որ ուրիշ բուժքույրեր էլ են նման ճակատագրի արժանացել, Վ. Սիսակյանն արձագանքել էր. «Նման բան չկա, Սպիտակի բ/կ-ն աշխատում է օրենքով. բոլոր փաստաթղթերն առկա են: Նման խնդիր չկա, մենք Ռոզա Զուլալյանին վերցրել ենք կադրերի ռեզերվ՝ հաշվի առնելով իր որակական առումները, կարիք լինելու դեպքում՝ մենք Ռոզային աշխատանքի կկանչենք»:

Ի դեպ, նախկին բուժքույրը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ իր խնդրով դիմել է ՀՀ վարչապետին, Առողջապահության նախարարին, նաև գնացել է Լոռու մարզի առողջապահության վարչություն, որտեղ վարչության պետն իրեն խոստացել է կապ հաստատել բ/կ տնօրենի հետ և խնդրին լուծում տալ:

Նյութը հրապարակելուց օրեր անց Ռոզա Զուլալյանը մեզ մեծ ոգևորությամբ տեղեկացրեց, որ Սպիտակի բ/կ-ից իրեն կանչել են՝ աշխատավարձ վճարելու:

Սակայն նախկին բուժքույրն այսօր կրկին զանգահարեց մեզ՝ այս անգամ նշելով, որ ինքը Սպիտակի բուժկենտրոնում է, սակայն տնօրենը հրաժարվում է վճարել աշխատավարձը.

«Ես մտա ներս, ինքը սկսեց բարձր տոնով խոսել, ես երեք անգամ զգուշացրի, որ ինձ հետ հանգիստ խոսի: Տեսնեիք` ոնց էր բղավում ինձ վրա ու ասում՝ գումարդ չեմ տալու»:

Նա նշեց, որ իրեն աշխատավարձ ստանալու համար զանգահարել է բ/կ-ից Լիդան և նույնիսկ ասել է, որ բանկից քարտ վերցնի, սակայն այդպես էլ չեն տվել աշխատավարձը:

«Լիդան էր զանգել, չգիտեմ՝ էստեղ ինչ էր ձևակերպված: Բայց չտվեց. Չի տալիս էդ մարդը, ասում է՝ չեմ տալիս և վերջ. ինքը հենց գիտի՝ սա իր սեփականությունն ա»,- ասաց նախկին բուժքույրը՝ հավելելով, որ միայն վերադարձրել են աշխատանքային գրքույկը, որտեղ նշումներ չկան, քանի որ ասել են, թե արդեն օրենքը փոխվել է, ու գրքույկում նշումներ չեն անում:

168.am-ը նորից կապ հաստատեց Սպիտակի բ/կ տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ. Ի պատասխան մեր հարցադրումների՝ Տիկին Սիսակյանը մեզ հրավիրեց բուժկենտրոն.

«Խնդրում եմ, մեկ օր ժամանակ գտեք-եկեք, մեր ամեն ինչը ձայնագրվում է. յուրաքանչյուր խոսք, բառ եղել է ոստիկանի, անվտանգության աշխատողի ներկայությամբ, ինքը սպառնացել է… ամբողջ ֆեյսբուքյան էջը մի հատ տեսնեք՝ ինչեր է գրում»:

Վարդուհի Սիսակյանը մի քանի մեջբերումներ արեց՝ իր պնդմամբ՝ Ռոզա Զուլալյանի ֆեյսբուքյան էջից. «Թույն խմի մեռի», «դու ապրելու իրավունք չունես, դու…»:

Հարցին՝ իր պահանջը ո՞րն է, աշխատավարձ տալը, չէ՞, բ/կ տնօրենը պատասխանեց. «Աշխատավարձի խնդիրը չէ, ինքն այստեղ մեզ չի ներկայացել, փաստաթղթեր չի բերել»:

Մեր դիտարկմանը, թե Ռոզա Զուլալյանը պնդում է, որ համապատասխան թղթեր բերել է, և անգամ այսօր հետ են վերադարձրել իր աշխատանքային գրքույկը, նա արձանքեց.

«Աշխատանքային փաստաթղթեր ինքը մեզ մոտ բերել է, հիմա, որպեսզի միակողմանի չլինի, դուք, խնդրում եմ, եթե հարմար կլինի, եկեք բ/կ ձայնագրությունները տեսեք ուղղակի»:

Ի վերջո, իր աշխատավարձը տրվելո՞ւ է, թե՞ չի տրվելու՝ հարցին էլ, բ/կ տնօրենը պատասխանեց. «Ինքը՝ որպես գրանցված աշխատող, մեզ մոտ գրանցված չի եղել»:

Նկատառմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են Ռոզա Զուլալյանին կանչել-ասել՝ արի աշխատավարձ ստացի, նշում էր Լիդայի անունը, Վ. Սիսակյանը հակադարձեց. «Ուրիշ խոսակցություն է, քննարկումները եղել են բոլորի ներկայությամբ, Լիդան զանգել է իր փաստաթղթերը, ինչ-որ ունի մեզ մոտ, որ այդ փաստաթղթերը նաև տանի: Ինքը մեր աշխատողը չի եղել. Ի՞նչ աշխատավարձի մասին է խոսքը»:

Կապ հաստատեցինք նաև Լոռու մարզի Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի հետ:

Հիշեցնենք՝ Ռոզա Զուլալյանի պնդմամբ՝ հենց Լուսինե Վարդանյանն է նրան ուղղորդել Սպիտակի բ/կ՝ նշելով, որ բուժքույրերի կարիք կա:

Լուսինե Վարդանյանը մեզ փոխանցեց. «Ճիշտն ասած, խնդրին շատ խորը ծանոթ չեմ, բայց ես էլ կփորձեմ հասկանալ՝ ինչումն է խնդիրը։ Ինչքան տեղյակ եմ՝ իրեն պիտի կանչեին և վճարեին իր կատարած աշխատանքի համար: Հիմա ես չեմ կարող ասել՝ ինչ վիճակ է, կփորձեմ հասկանալ, նոր կպատասխանեմ Ձեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս