«Պատերազմ ենք գնում…». չընդունված դիմորդները երգում են ԿԳՄՍՆ-ի առջև
Բուհ չընդունված ու բանակ գնալ պատրաստվող երիտասարդ տղաներն օրվա երկրորդ կեսին ԿԳՄՍՆ-ի առջև զինվորական համազգեստի նմանվող շապիկներով էին ու հայրենասիրական երգեր էին երգում: Նրանք առավոտից էին ԿԳՄՍՆ-ի առջև ակցիա իրականացնում, սակայն առավոտյան սովորական շապիկներով էին: Նախարարության առջև հավաքվածները պահանջում էին հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանց առաջարկվեց հանդիպում փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ինչից հրաժարեցին, քանի որ, ինչպես պնդում էին, նրա հետ հանդիպումներն անօգուտ են: Մեկ ժամ ժամանակ տվեցին Արայիկ Հարությունյանին իրենց ընդունելու համար: Հանդիպում տեղի չունեցավ, ինչից հետո երիտասարդները փորձեցին փողոց փակել, արդյունքում՝ երկու հոգի բերման ենթարկվեց: Երբ բերման ենթարկվածներին ազատ արձակեցին, ցուցարարները վերադարձան նախարարության շենքի մոտ: Դիմորդներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց շապիկները խորհուրդ ունեն.
«Խորհուրդն այն է, որ տղաների մեծ մասը, որոնք դեռ չեն զորակոչվել, մյուս ամառ կամ հունվարին գնալու են, դա նշանակում է, որ չենք հասցնելու էլի քննություն տալ: Ուզում ենք այս հագուստներով երգել նախարարության մոտ, գուցե կպնե՞նք իրենց սրտի լարերին, մինչև էս չի ստացվել, գուցե տենց փորձենք, այդպես արձագանքե՞ն, չարհամարհեն դիմորդներին»:
Բուհերից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր ավարտեցին բողոքի ակցիան ԿԳՄՍՆ-ի առջև։ Քննարկում են հետագա անելիքները: