«Այս տարի կարտոֆիլի տարի է լինելու». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ այս տարի սպասվում է կարտոֆիլի բարձր բերքատվություն։
«Երևի Աստված մեզ հետ էր, այս ճանապարհների փակելը բերեց նրան, որ բավականին մեծ թվով մարդիկ, որոնք Գեղարքունիքի և Շիրակի մազրերից մեկնում էին արտագնա աշխատանքի՝ չկարողացան գնալ և այժմ զբաղվում են կարտոֆիլ մշակելով։ Մեր իմացած ֆերմերների հողակտորները դիտարկելով՝ կարող ենք ասել, որ սպասվելու է լավ բերքատվություն, հատկապես, եթե հաշվի առնենք եղանակային պայմանները։ Հետևաբար՝ այս տարի կարտոֆիլի տարի է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա՝ արտագնա աշխատանքի չմեկնողներն այս տարի ավելացրել են կարտոֆիլի բավականաչափ ցանքատարածություններ, ինչը ողջունելի է։
Նա նաև ընդգծեց, որ այս տարի Հայաստանը փորձել է Բելառուսից կարտոֆիլ ներկրել, սակայն այնպես են արել, որ այդ քայլը կանխեն, քանի որ տարածաշրջանում կարտոֆիլի լավագույն բերքն այս տարի կլինի Հայաստանում։
«Մեր լավագույն ֆերմերներն ապահովված են սերմացուով, հաջորդ տարի մենք կաշխատենք, որ այս տեմպն ավելացնենք։ Սա, իհարկե, մեր միավորման աշխատանքի արդյունքն է, և թող որևէ չինովնիկ չփորձի ասել, որ իրենք են արել։ Մենք ենք օգնել ֆերմերներին պարարտանյութ և սերմացու ձեռք բերելու համար, այնպես որ, մեր թիմը շատ լավ է աշխատել»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա՝ դա նաև այն բանի արդյունքն է, որ Ագրարագյուղացիական միավորման ֆերմերներն ամեն տարի ուսուցանում և վերապատրաստվում են Եվրոպայում՝ ձեռք բերելով մեծ գիտելիքներ, որոնք գործածում են իրենց տնտեսության մեջ։
«Ճանապարհները փակ են եղել, բայց բավականին մեծ աշխատանք ենք կատարել։ Մենք այսօր ունենք երկու տեսակի կարտոֆիլագործներ, որոնք աշխատում են արտասահմանյան և տեղական սերմացուներով։ Իրանում կարտոֆիլի բերքն այդքան հաջող չէ, այնտեղից արդեն մարդիկ են գալիս մեզ մոտ կարտոֆիլ ձեռք բերելու համար։ Վիճակն այս առումով վատ է նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Այս պարագայում չեմ կարծում, որ կարտոֆիլի միջազգային գնային տատանումները կարող են մեզ վրա ազդել։ Այսօր մենք բանակցություններ ենք վարում Մոսկվայի սուպերմարկետներից մեկի հետ, որը պատրաստ է ամեն ամիս 500 տոնա կարտոֆիլ մեզանից ձեռք բերել»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է բանջարեղենի գներին, Հրաչ Բերբերյանն ասաց, որ գները նույնը կմնան, ներքին բերքատվությունը նախորդ տարվա համեմատ մի փոքր ցածր է։
Մսի գների հետ կապված էլ՝ ընդգծեց, որ աշնանը մսի գները կրկին կբարձանան, քանի որ անասնակերի խնդիր կա։