Բաժիններ՝

Սևանի երաժշտական դպրոցի սաները հաղթող են ճանաչվել միջազգային մրցույթ-փառատոնում

Սեւան քաղաքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները հաղթող են ճանաչվել «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ- փառատոնում, որն անցկացվում է միջազգային ձեւաչափով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, այս տարվա փառատոնը էականորեն տարբերվում էր նախորդներից: Պայմանավորված համավարակով` փառատոնն անցկացվել է հեռավար կարգով:

«Սեւանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ովքեր մարտ ամսից անցել էին հեռավար ուսուցման, ուսուցմանը զուգահեռ նախապատրաստվել էին նաեւ փառատոնին: Մինչ փառատոնի մեկնարկը՝ մասնակիցներն իրենց կատարումներով տեսանյութերն ուղարկել էին փառատոնի ժյուրիի դատին: Հանրապետության եւ արտերկրի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաներն իրենց վոկալ, գործիքային կատարումներով, ստեղծագործական աշխատանքներով մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար: Բազմաթիվ երեխաների համար սա ներկայանալու լավագույն հարթակ է, միաժամանակ ուղի՝ ապագա բեմերը տանող:
Սեւանցի փոքրիկ երաժիշտների համար մրցելույթներն արդեն ավարտված են, հայտնի են մրցանակակիրները:

Երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հունան Առաքելյանի փոխանցմամբ` երաժշտական դպրոցի սաներն այս փառատոնում էլ գրանցեցին հաղթանակներ, աչքի ընկան իրենց կատարումներով: «Արտ Մյուզիք» արվեստի 11-րդ մրցույթ փառատոնում մեր մրցանակակիրներն 5-ն են: Վոկալի բաժնի սան Էլեն Մկրտչյանը (դասատու՝ Երանուհի Քոչարյան) մրցույթ- փառատոնում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի: Երկրորդ կարգի մրցանակի է արժանացել նաեւ դպրոցի դուդուկի բաժնի աշակերտ Սուրեն Խաչատրյանը (դասատու՝ Հայկ Սիրականյան, նվագակցող՝ Կարինե Դավթյան): Մեր մյուս երկրորդ մրցանակակիրը շեփորի բաժնի աշակերտ Արտյոմ Ավետիսյանն է (դասատու՝ Գուրգեն Բաբայան, նվագակցող՝ Լուսինե Իսրայելյան):

Ֆլեյտայի բաժնի աշակերտուհի Իզաբելլա Հարությունյանը (դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան) «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային XI մրցույթ- փառատոնում արժանացել է երրորդ կարգի մրցանակի: Փառատոնի դիպլոմակիր է դարձել դուդուկի բաժնի աշակերտ Արթուր Օհանյանը (դասատու՝ Հայկ Սիրականյան, նվագակցող՝ Կարինե Դավթյան):

Մրցանակներն արդյունք են լավ ու նպատակադրված աշխատանքի»,- նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս