Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը

Եվրոպական խորհրդարանի 29 պատգամավոր 7 գլխավոր քաղաքական խմբակցությունից նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին: Նամակում Եվրախորհրդարանի անդամները շեշտում են, որ Եվրամիությունը պետք է օգտագործի իր լծակները տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական և արդյունավետ միջոցներ գործի դնելու համար և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:

Ստորև Եվրախորհրդարանի պատգամավորների նամակը հայերեն թարգմանությամբ.

«Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ
հարգելի պարոն Բորել,

2020 թվականի հուլիսի 12-ից ի վեր մենք ականատես ենք լինում համաճարակի պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վտանգավոր սրացման, որն արդեն հանգեցրել է ողբերգական կորուստների երկուստեք: Իրավիճակը հղի է պատերազմի վերածվելու վտանգով, ինչը կապակայունացնի ողջ տարածաշրջանը, այսինքն՝ Եվրամիության արևելյան հարևանությունը:

Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, այն է՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության դեմ:

Անչափ կարևոր է, որ ԵՄ-ն իր լծակներն օգտագործի վստահության՝ իրական և արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Խոսքը վերաբերում է մասնավորապես ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմին, ինչը կկանխի կողմերի երկուստեք մեղադրանքները մահաբեր հարձակումներ նախաձեռնելու վերաբերյալ: Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները: Ադրբեջանը ևս պարտավոր է համաձայնել:

Կողմերը պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները և աշխատեն հակամարտության տևական և խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մեր նպատակն է ունենալ խաղաղ, բարգավաճ և ապահով ԵՄ հարևանություն, և մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ:

Հարգանքով՝
ALFONSI François, ARA-KOVACS Attila, ASIMAKOPOULOU Anna-Misel, BARRENA Pernando, CASTALDO Fabio Massimo, CHRISTOFOROU Lefteris, FOURLAS Loucas, FRAGKOS Emmanouil, GEORGIOU Giorgos, GEORGOULIS Alexis, GUILLAUME Sylvie, HAUTALA Heidi, HEIDE Hannes, KAILI Eva, KOULOGLOU Stelios, KOUNTOURA Elena, KOVATCHEV Andrey, KYMPOUROPOULOS Stelios, LIBERADZKI Bogusław, MAVRIDES Costas, PAPADAKIS Demetris , PAPADIMOULIS Dimitrios, SANTOS Isabel, SCHREIJER-PIERIK Annie, SONNEBORN Martin, SPYRAKI Maria, STEFANUTA Nicolae, TOMAC Eugen, VOZEMBERG Elissavet»:

Տեսանյութեր

Լրահոս