«ԿԳՄՍՆ-ի և ԳԹԿ-ի դեմ հայց ենք ներկայացնելու դատարան». չընդունված դիմորդի ծնող
Համալսարան չընդունված դիմորդների ծնողներն այսօր կրկին հանդիպել էին ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ: Ծնող Մասիս Բաբալյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկումը եղել է բարձր միավորներ հավաքած մի շարք երեխաների համալսարան ընդունվելու կամ, օրինակ, ներկայացրած հայտի վերջին կետով ընդունվելու մասին: Բաբալյանը ներկայացրեց, թե իրենց ինչ է առաջարկվել, դրանք դիմորդների և ծնողների հետ քննարկումից հետո կորոշեն՝ ընդունե՞լ, թե՞ ոչ:
«Այս պահին նախարարությունը դեռ խնդիրներ ունի: Ես այսպես հասկացա, որ իրենք ստացիոնարների մասով չեն կարողանում տեղեր ավելացնել, մտածում են հեռակայում տեղեր ավելացնել: Կան մասնագիտություններ, որոնց մասով նաև խոստանում են, որ ձեր ստացած գնահատականներով՝ առանց մրցութային կարգի, կնստեք հեռակա, շեմը մեզ կասեն երկուշաբթի օրը, խոսքը, իհարկե, այն մասնագիտությունների մասին է, որոնք ունեն հեռակա: Բժշկական դիմած դիմորդները զրկվում են այդ հնարավորությունից, որովհետև Բժշկականը հեռակա չունի»,- ասաց Բաբալյանը:
Նա նշեց, որ երկուշաբթի օրը պարզ կլինի, թե կոնկրետ որ բաժիններում քանի տեղ կարող են ավելացնել: Բաբալյանը ուսանողներին փոխանցեց, որ մի շարք բաժիններում հետագայում հնարավորություն չեն ունենա հեռակայից փոխել ստացիոնար.
«Իրավագիտությունը հեռակայից ստացիոնար հնարավոր չի լինելու տեղափոխվել: Միջազգայինը դեռ ճշտված չէ: Հանրային կառավարումը, Քաղաքագիտությունը, Պատմականը հեռակայից հնարավոր է տեղափոխվել ստացիոնար, եթե վատ գնահատականներ ստացած չլինի ուսանողը»:
Մասիս Բաբալյանի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարություն դիմած ուսանողներից մի քանիսը, հնարավոր է՝ կարողանան սովորել հենց ստացիոնար տարբերակով:
«Ստացիոնար տարբերակով միայն 6 հոգի մարդ կա, որ 18-ից բարձր են ստացել, Իրավագիտությունը չի ստացվում, նախարարությունն առաջարկում է Միջազգային հարաբերությունների բաժինը, որ ստացիոնար նստեն: Այդ 6 դիմորդից 4-ը մեր մեջ գտնվող երեխաներ են»,- ասաց դիմորդի ծնողը:
Բաբալյանը նշեց, որ հեռակայի տարբերակի մասին լսել անգամ չէր ուզում, սակայն մտածել է, որ դիմորդների մեջ կլինեն մարդիկ, որոնք կուզեն օգտվել այդ տարբերակից: Դիմորդի ծնողը խնդրի լուծման այլ տարբերակ է առաջարկում, ասում է՝ երբ երկու կողմերը համաձայնության չեն գալիս, խնդիրը լուծում են դատական կարգով:
«Առաջարկում եմ այս հարցին լուծում տանք դատական կարգով: Երեկ հանդիպել եմ լուրջ իրավաբանական խմբի ղեկավարի հետ, որն իր խմբի անունից առաջարկեց մեր անունից հայց ներկայացնել միանգամից ՍԴ: Մարդն ուսումնասիրել է մեր գործունեությունը, ԳԹԿ-ի կատարած աշխատանքները և ասում է, որ՝ իրավական տեսանկյունից դուք հաղթելու եք: 200 ստորագրություն է պետք, մարդիկ կգան, կստորագրեն, համապատասխան հայցն ընդդեմ ԳԹԿ-ի և ԿԳՄՍՆ-ի կներկայացնենք դատարան»,- ասաց Բաբալյանը:
Դիմորդի ծնողը նաև նշեց, որ դատարան դիմելով՝ իրենց ակցիաները չեն դադարելու: Նրա խոսքով՝ որևէ մեկը պատշաճ ծանուցված չի եղել ընդունելության կարգի՝ առաջին հայտի գերակայության մասին:
«59-րդ կետը 15-րդ էջում է գտնվում, իսկ ամենակարևորը կարգի մեջ հենց էդ կետն է: Ես ու իմ տղան կարդացել ենք կարգը, ու եթե կնոպկան սեղմում ենք «ծանոթ եմ կարգին», բնական չի՞՝ 50 անգամ հետ չենք գնալու 15 էջ կարդանք»,- ասաց Բաբալյանը:
Ծնողն ասաց նաև, որ հայտն ուղարկելիս դիմորդը կոդ է ստացել, պնդում է՝ դրա հետ կարող էին նաև նախազգուշացում ուղարկել, որ նորից կարդան 59-րդ կետը, քանի որ, իր խոսքով՝ ավելի կարևոր կետ այդ կարգում չկար:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է, ինչ համալսարան չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում ԳԹԿ-ի, ԱԺ-ի, Կառավարության, ԿԳՄՍ նախարարության, ՄԻՊ գրասենյակի առջև: Նրանք դժգոհում էին ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: