«Ռեալն» ամռանը կվաճառի մի շարք ֆուտբոլիստների
Հայտնի են դարձել «Ռեալի» ամառային տրանսֆերային պլանները:
Marca-ի փոխանցմամբ, մադրիդյան ակումբը նախատեսում է վաճառել մի շարք խաղացողների, որպեսզի վերականգնի կորոնավիրուսային համաճարակի պատճառով կրած կորուստները (մոտ 200 միլիոն եվրո):
Աղբյուրի համաձայն՝ Խամես Ռոդրիգեսը, Գարեթ Բեյլը, Լուկա Յովիչը և Մարիանո Դիասը կարող են լքել «Ռեալը»: Այս խաղացողներից բաժանվելն առաջնային խնդիր է մադրիդյան ակումբի համար:
Խամեսի գործող պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը: «Ռեալը» ցանկանում է նրա համար ստանալ մոտ 25 միլիոն եվրո, ինչը խնդիր չէ նրա համար դիմող ակումբների համար: Հնարավոր տեղափոխմանը խոչընդոտում է կոլումբիացու աշխատավարձը (այժմ նա վաստակում է 8 միլիոն եվրո)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամեսն առաջարկներ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», «Միլանից», «Ինտերից» և «Բենֆիկայից»:
Բեյլի պայմանագիրը լրանում է 2022-ի ամռանը, և ակումբը անհրաժեշտ է համարում նրանից բաժանումը, քանի որ ուելսցին տարեկան վաստակում է 17 միլիոն եվրո: Հետվիրուսային ճգնաժամի պայմաններում այդ գումարը չափազանց մեծ է: As-ի համաձայն՝ 31-ամյա ուելսցին որոշել է մնալ մադրիդյան թիմի հետ մինչև գործող պայմանագրի լրանալը: Նա ցանկանում է ստանալ իր պայմանագրում նշված ամբողջ աշխատավարձերը:
Բեյլի ներկայացուցիչները չեն փնտրում նոր ակումբ, իսկ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցույց է տալիս, որ ինքը հույս չի դնում կիսապաշտպանի վրա. Բեյլը չի խաղացել Լա Լիգայի մրցաշրջանի վերջին յոթ հանդիպումներում (վեց խաղերում նա մնաց պահեստայինների նստարանին, իսկ եզրափակիչ փուլում նա հայտացուցակում չէր):
Հաջորդ մրցաշրջանում «Ռեալի» 11 խաղացողներ կվերադառնան վարձավճարներից, և թիմում կլինեն 37 հոգի: Հետևաբար՝ ակումբը կարող է բաժանվել նաև Լուկա Մոդրիչից, Նաչոյից և Լուկաս Վասկեսից, չնայած նրանց տրանսֆերները հարկադրված չեն լինի:
«Ռեալը» նաև պատրաստ է վաճառել Դանի Սեբալյոսին, Ալվարո Օդրիոսոլին, Օսկար Ռոդրիգեսին, Խեսուս Վալյեխոյին, Բորխա Մայորալին և Խորխե դե Ֆրուտոսին:
Սիրարփի Աղաբաբյան