Հիմքեր կան պնդելու, որ մենք մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր մտավ՝ դրական լուր ավետելու համար: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը՝ «այս պահին ախտորոշված, պոզիտիվ, դրական ախտորոշմամբ և չբուժված, այսինքն՝ բացասականի չանցած մարդկանց թիվն առաջին անգամ հունիսի 14-ից հետո 10.000-ից ցածր է»:
«Ես չեմ կարող հիմա վստահ պնդել, որովհետև այս ամեն ինչը կախված է նաև նրանից, ինչ հիմա կասեմ, հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը հնարավոր երկրորդ ալիքի, համաշխարհային կանխատեսվող երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև անդրադարձավ «հակա-հակահամաճարակային PR» արշավին, «հակադիմակային շարժումներին»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք ունենք կորոնավիրուսի տեմպի որոշակի անկում հակահամաճարակային միջոցառումների պահպանման և դրա գագաթնակետ՝ դիմակների կրման արդյունքում:
«Ակնհայտ ա, որ էս դինամիկան մենք ունենք միայն ու միայն, այսինքն՝ չասեմ միայն, բայց հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու պատճառով և շնորհիվ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց տուրք չտալ դիմակ չկրելու «անպատասխանատու հայտարարություններին», քանի որ դիմակի կրումը, ըստ վարչապետի, ունի անկյունաքարային նշանակություն:
«Մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ ա մահացել կորոնավիրուսից, սիրելի հայրենակիցներ: Պատկերացնո՞ւմ եք էդ թիվը: Եվ սա շատ սարսափելի վիճակագրություն ա, և խնդրում եմ ձեզ՝ տուրք չտաք այդ հայտարարություններին: Դիմակի կրումը կարևոր դեր ա ունեցել էստեղ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, եթե դիմակ կրելու որոշման մեջ փոփոխություն լինի անելու, դա առաջինը կշտապի անել կառավարությունը: