Ողբերգական ավտովթար Աշտարակի խճուղում. 24-ամյա աղջիկը մահացել է. վարորդի և նորածին երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Հուլիսի 23-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Վերոնիկա Ս․-ն (ծնված 1994 թ․) և Գևորգ Բ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Վերոնիկա Ս․-ն մահացել է, իսկ Գևորգ Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։
Ադելինա Բ․-ն (ծնված 2020 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։