Բաժիններ՝

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա․ մեղադրանք է առաջադրվել 22 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոց իրացրած, ձեռք բերած անձանցից 21-ի ինքնությունը: Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ և ակոսափող զենքից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 32 փամփուշտ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում հիշյալ հանցավոր շղթայում ընդգրկված առանձին խմբավորումներ իրացրել են ընդհանուր 1350 գրամ չոր քաշով «Հերոին» և 102 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել՝ ազգությամբ ազերի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020 թվականի հուլիսի 10-ին ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4865 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն օժանդակելը) 3-րդ մասի 2-րդ կետով, 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև նշված 21 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը կազմակերպելը) 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու համար, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 2-ը ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 14 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս