
Բուլղարիայի վարչապետը հայտարարել է իր կառավարության չորս նախարարների պաշտոնաթողության մասին

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը որոշել է պաշտոնաթող անել ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովին, ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովին, էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովին եւ զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովային: Այս հայտարարությամբ վարչապետը հանդես է եկել կոալիցիայի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված ճեպազրույցում:
«Ընդունում եմ երեք նախարարների՝ Մարինովի, Գորանովի, Կարանիկոլովի գումարած զբոսաշրջության նախարար Անգելկովայի պաշտոնաթողությունը»,- ասել է Բորիսովը: Պետության ղեկավարը հայտնել է, որ կառաջարկի Խրիստո Տերզիյսկու թեկնածությունը ներքին գործերի նախարարի պաշտոնում: Ներկայումս Տերզիյսկին գլխավորում է Ոստիկանության գլխավոր տնօրինությունը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Կիրիլ Անանիեւը, որն զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնում կառաջարկվի պրոֆեսոր Կոստադին Անգելովի թեկնածությունը: Զբոսաշրջության նախարարի պարտականությունները կստանձնի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովան: Պլանավորվում է էկոնոմիկայի նախարար նշանակել Լիչեզար Բորիսովին՝ ներկայումս էկոնմիկայի փոխնախարարին: Սպասվում է, որ Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) կառավարությունում կադրային փոփոխությունների առաջարկությունը կքննարկի արդեն հուլիսի 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: