![](/banners/BeFunky-design.jpg)
Մի սարսափելի վիճակ է, պատերն անձրևից քանդվում են. Ցամաքաբերդի բնակիչն ահազանգում է
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/110338440_582924389082964_3875393935838744552_n.jpg)
Ցամաքաբերդում կիսակառույց տանը բնակվող ընտանիքի անդամներին ահ ու սարսափ է պատում, երբ անձրև կամ կարկուտ է գալիս:
«Որ օրն անձրև է գալիս՝ վախենում ենք, որ կարող է պատերը փուլ գան: Մարզպետարան, քաղաքապետարան դիմել եմ, հաճախ օգնել են գումարով, սնունդով, բայց ինձ հիմնականում տուն է պետք, հանրակացարան, գոնե մեկ սենյակ, որ երեխաներիս հետ գնամ, ապրեմ: Տղաս նախազորակոչային տարիքի է, ոտքը կոտրվել է, գիպսի մեջ է, ու այս խոնավությունից հիմա ոտքը ցավում է: 4 փոքր սենյակ է, ոչ բաղնիքն է երևում, ոչ խոհանոցը, ոչ էլ սենյակները: Երբեք վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, անգամ դուռ-պատուհան չի եղել, կիսատ-պռատ դրել, թողել-գնացել են, ասել են՝ յոլլա գնա, մինչև մի բան կլինի: Հիմա տունը լրիվ հիմքից քանդվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տան բնակիչ Համեստ Հախումյանը:
Նա տեղեկացրեց, որ երեխաներից երկուսն անչափահաս են։
«Քաղաքապետին, մարզպետին էլ խնդրել եմ, որ հանրակացարանում սենյակ տրամադրեն: Ես իրենցից բան չեմ ուզում, միայն մեկ սենյակ: Որտեղ գործ է լինում՝ գնում եմ, որ գոնե հաց կարողանամ գնել: Բայց տան հարց չեմ կարողանում լուծել: Սևանի պայմաններում ի՞նչ գործ կա, որ գնամ աշխատեմ և տուն կարողանամ գնել: Պատուհան եմ լվում, աման, որտեղ գործ կա, գնացել եմ, բայց հիմա դժվարանում եմ աշխատել, անոթների, սրտի խնդիր ունեմ: Անձրևաջուրը լրիվ տան մեջ է, 9-ամյա երեխաս թոքաբորբով հիվանդացել է, մի սարսափելի վիճակ է, վախենում ենք անգամ քնենք: Պատերը քանդվում են»,- նշեց նա:
Խնդրի հետ կապված կապ հաստատել չհաջողվեց Գեղարքունիքի մարզպետարանի հետ, հետևաբար՝ նրանց արձագանքը կներկայացնենք ավելի ուշ: