Ինչո՞ւ ոստիկանությունը հաղորդագրություն չի տարածել Ամուլսարի հանքի բացման կողմնակից և հանքի ճանապարհը փակող գյուղաբնակների միջև բախումների մասին
Վերջին օրերին հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ Ամուլսարում կրքերը հանդարտ չեն, լինում են վիճաբանություններ, անգամ գողություն կատարելու մասին տեղեկատվություն ստացվեց:
168.am-ը երեկ տեղեկություն ստացավ, որ Ջերմուկի մոտակայքում անցյալ շաբաթ բախումներ են տեղի ունեցել Ամուլսարի հանքի բացման կողմնակից և հանքի ճանապարհը փակող գյուղաբնակների միջև։
Մեր տեղեկություններով՝ կան բերման ենթարկվածներ, մարմնական վնասվածքներ ստացած անձինք, սակայն այս մասին ոստիկանությունը որևէ բան չէր հայտարարել։ Մենք դիմեցինք ոստիկանություն՝ խնդրելով հաստատել կամ հերքել մեր տեղեկությունը:
«Հուլիսի 14-ին ժ.19:30-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի «Ռենկո» կոչվող տարածքում քաղաքացիների և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տարածքները հսկող պահնորդական կազմակերպության աշխատակիցների միջև բախում է տեղի ունեցել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»,- տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հարցին, թե ինչո՞ւ այս մասին ոստիկանությունը հաղորդագրություն չի տարածել, այն դեպքում, երբ դեպքից անցել է 8 օր, պատասխանեցին, որ սովորաբար ոստիկանությունն անդրադառնում է արդեն իսկ բացահայտված հանցագործությունների դեպքերին:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 15-ին 168.am-ը հրապարակում էր պատրաստել Ջերմուկում և հարակից Կեչուտում տեղի ունեցած մի միջադեպի մասին։ Նշված տարածքում ընդհարումներ էին տեղի ունեցել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների և հանքի ճանապարհները փակած խմբի միջև: Մեր աղբյուրների համաձայն, դանակահարության դեպք էր եղել, որի մասին ոստիկանության կողմից կրկին որևէ հաղորդագրություն չէր եղել:
Ավելին, մեր տեղեկություններով՝ ոստիկանությունը նաև չէր կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, չէր ձերբակալել պատասխանատուներին:
Ավելի ուշ՝ փետրվարի 11-ին, Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնից նամակ ստացանք, որում նախ նշվում էր, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Ջերմուկի բաժնում նախապատրաստվում են նյութեր, ապա դիմելով խմբագրությանը՝ խնդրում էին մեզ տեղեկություններ տրամադրել հրապարակման համար հիմք հանդիսացած աղբյուրների և դրա մեջ տեղ գտած հանգամանքների վերաբերյալ։
Այլ գրությամբ Ոստիկանության նույն բաժնից գրել էին, որ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Իսկ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Գ.Վիրաբյանը գրում է, որ հանձնարարություն էր տրվել համապատասխան ծառայություններին սեղմ ժամկետում ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կայքում առկա հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները պարզելու ուղղությամբ։
168.am-ը հրապարակեց միջադեպից և դանակահարությունից լուսանկարներ: Նույնիսկ դրանից հետո ոստիկանությունը հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները հաստատող որևէ փաստական տվյալ չէր կարողացել ձեռք բերել։ Ոչ ոք ոչինչ չէր տեսել ու ոչինչ չէր լսել, իսկ ոստիկանությունն էլ «պատշաճ կերպով» իրականացրել էր իր պարտականությունները։ Եվ դա՝ այն դեպքում, երբ ներկայացված այս լուսանկարներում անզեն աչքով էլ ակնհայտ երևում էին ձյան վրա թափված արյան հետքերը, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ էին երևում, որոնք փորձում էին կողմերին միմյանցից բաժանել։ Մարզի ոստիկանությունն այդ մասին տեղյակ էր եղել, սակայն ոչ միայն գործ չէր հարուցել, այլև մի ամբողջ իրավապահ համակարգ լծվել էր մամուլում հայտնված հրապարակման հերքման համար «ապացույցներ» հավաքելու գործին։