«Սենց որ շարունակվի, Դուք ավելի վտանգավոր եք մեր երեխայի ապագայի համար, քան կորոնավիրուսը». չընդունված դիմորդի ծնողը՝ ԿԳՄՍ նախարարին

Համալսարանի ընդունելության քննություններից  հետո դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ-ի դիմաց: Նրանք դժգոհում էին ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Ժամը 13:00-ից խորհրդարանում թեմայի շուրջ մեկնարկել է քննարկումը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ԳԹԿ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծնողները ևս ցանկանում էին ներկա գտնվել, սակայն քննարկումն անցկացվում է  առանց նրանց: Չընդունված դիմորդի ծնող Խաչատուր Նազարեթյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր աղջիկը 12 տարի գերազանց է սովորել, «Ոսկե մեդալի» հավակնորդ է, ստացել է 18.50, ոչ մի տեղ չի ընդունվել:

«Նշել է երկու բաժին, ոնց մեր նախարարն էր ասում՝ 10 բաժին նշում եք, էնքան որ մեկն անցնեք, չէ, իմ երեխեն կոնկրետ երկու բաժին ա նշել: Առաջինով դուրս ա մնացել Իրավագիտությունից, Միջազգայինն էլ չի անցել 18.50-ով, բայց այդ բաժին ընդունվել են 11 բալով»,- ասաց Նազարեթյանը:

Պնդմանը, որ նախարարությունը նախապես զգուշացրել է, որ գերակայությունը տրվելու է առաջին հայտին, իսկ մնացած ֆակուլտետների մրցույթներին դիմորդը կարող է մասնակցել, միայն, եթե թափուր տեղեր մնան, Խաչատուր Նազարեթյանն արձագանքեց, որ իրենք զանգել են ԳԹԿ, և իրենց պատշաճ չեն բացատրել:

«Երեխաների 80 տոկոսը չի պատկերացրել, որ 7.5-ով ընդունվելու են, իսկ 18-ով, 17-ով, 16-ով՝ ոչ: Ես դա չեմ հասկանում, գերազանցիկ երեխան պետք է գնա նստի տունը, 7.5-ով ընդունվողը պետք ա սովորի՞, ու սա՞ է մեր երկրի ապագան լինելու»,- ասաց Նազարեթյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի, դիմորդի ծնողը պատասխանեց, որ անգամ չգիտի ինչ սպասել:

«Որ սենց նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք իրանից, եթե ինքը պետք ա որոշի: Մենք հեղափոխությունը չենք արել սրա համար, որ երեխեքը մնան դուրսը: Նախարարն ինձ առաջարկում ա, ասում ա՝ թող քո երեխան գնա թուրքագիտություն սովորի, ասեցի՝ Դուք գնացեք, սովորեք, իմ երեխային պետք չի, կոնկրետ երկու ֆակուլտետ է նշել, էդ է ուզում սովորի: Եթե ցածր ստանար, ես բան չէի ասի»,- ասաց Նազարեթյանը:

Չընդունված դիմորդի ծնողը պատմեց, որ նախարարի հետ զրույցում ասել է՝ եթե երեք քննություն էր նախատեսված, ապա թող նույն կարգով, ինչպես անցկացրել են մեկ միասնական քննությունը, անցկացնեին նաև մյուս երկուսը, նախարարը պատասխանել է, որ վտանգավոր է:

«Ասեցի՝ սենց որ շարունակվի, Դուք ավելի վտանգավոր եք մեր երեխայի ապագայի համար, քան կորոնավիրուսը»,- ասաց Նազարեթյանը:

Հիշեցնենք՝ երեկ չընդունված դիմորդների ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել ԳԹԿ-ի, ապա՝ ԱԺ-ի դիմաց, դիմել են նաև ՄԻՊ-ին: Ծնողների բողոքի պատճառն այն էր, որ այս տարի ԿԳՄՍ նախարարության որդեգրած  քաղաքականության համաձայն՝ գերակայություն է  տրվում առաջին հայտին: Այսինքն, եթե ուսանողն առաջին հայտով նշել է Իրավագիտություն և հավաքել 15 միավոր, իսկ այդ ֆակուլտետի համար անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 19, և հետևաբար՝  այդ բաժին չի ընդունվել, ապա հաջորդ նշված բաժիններ ընդունվելու հնարավորություն դիմորդն ունենում է միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր մնացած տեղեր: Եթե դիմորդը երկրորդ հայտով դիմել է Քաղաքագիտություն, և այնտեղ անցողիկ շեմը եղել է, օրինակ՝ 7.5, նա իր 15 միավորով չի կարող ընդունվել այդ բաժինը, եթե չկան թափուր մնացած տեղեր: Նրանք պահանջում են, որ դուրս մնացած դիմորդների համար ֆակուլտետներում տեղեր ավելացվեն, ապա առաջին կիսամյակի ավարտին խիստ քննության արդյունքում որոշեն՝ ո՞վ պետք է մնա, ո՞վ՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս