Վեդիում ախտահանիչ սարք են պատրաստել. առաջին օրինակը տեղադրվել է համայնքապետարանում
Վեդիի համայնքապետարանում տեղադրվել է ախտահանիչ սարք, որը պատրաստվել է Հայաստանում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի կողմից:
«Մոտ մեկ ամիս առաջ առաջացավ գաղափարը: Դա սկսվեց այն պահից, երբ ՌԴ-ում լուրեր էին շրջանառվում, որ նման սարք են օգտագործում, և հիմնականում՝ Կրեմլում: Դե մենք այստեղ լավ թիմ ունենք, միասին քննարկեցինք, հասկացանք, թե ինչ բաղադրության նյութ է օգտագործվում, ու որոշեցինք սարքել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վեդիի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավար Օրբել Խաչատրյանը:
Սարքի ներսում ջրածնի պերօքսիդի հիմքի վրա ստեղծված նյութ է, որի մեջ կա քլոր, գլիցերին և կիտրոնի թեթև հոտ։ Ինչ վերաբերում է ուլտրամանուշակագույն ճառագայթին, ապա այն օգտագործվել է թույլատրելի չափաբաժնով:
«5 օրում սարքվել է, բայց մեկ ամիս և ավելի այդ նյութի քննարկումն է եղել, թե ի՞նչ նյութ պետք է օգտագործվի: Քիմիկոսների առջև դրված էին հետևյալ խնդիրները՝ մաշկը չպետք է գրգռի, աչքի լորձաթաղանթին վնաս չպետք է լինի, հագուստին հետք չպետք է թողնի, և այլն: Միանգամից մտել եմ Վեդիի համայնքապետ Վարուժան Բարսեղյանի մոտ, ասել եմ՝ այսպիսի բան եմ որոշել, միանգամից, առանց մեկ վայրկյան մտածելու՝ ասել է՝ անում ենք դա: Լաբորատորիայի հետ կապված ինչ առաջարկում են՝ մեր քաղաքապետն ասում է՝ վերջ, անում ենք դա: Անհրաժեշտ սարքավորումները ձեռք է բերել համայնքապետարանը»,- նշեց Օրբել Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ արդեն հետաքրքրվողներ կան թե՛ պետական գերատեսչություններից, թե՛ մասնավոր ընկերություններից:
«Քանի որ սարքը մեզ մոտ է պատրաստվում՝ կարող է լինել անհատական չափսերով, ոչ թե մի տեղ 100 հատ լցրած լինի: Գումարի չափը մոտ 400.000 դրամ կկազմի»,- եզրափակեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավարը: