ՀՀ իշխանությունները վերադառնում են Վիեննայի օրակարգին․ ինչո՞ւ չգործեցին Դուշանբեի պայմանավորվածությունները

«Արցախյան հակամարտության կողմերը բանակցային սեղան են վերադառնալու պայմաններով»,- 168am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով տավուշյան սրացումից հետո Արցախյան հիմնահարցի հայկական օրակարգում նշմարվող Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել էր նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Փաշինյանը ծավալուն ելույթ էր ունեցել, որում նշել էր․
«Ինչ վերաբերում է հետագա անելիքներին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից, և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիտորինգի միջազգային համակարգ ստեղծվի:

Եվ հաջորդը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի, և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի»։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր հերթին՝ ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված մեկնաբանությունում ասել էր, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին էլ տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության:

Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առանց հստակ մոնիտորինգային միջազգային մեխանիզմների և դիտորդների անհրաժեշտ քանակի՝ միջազգային հանրությունը դժվարանում է հստակեցնել, թե որ կողմն է խախտել հրադադարը, և հիմնականում գնահատականներ է տալիս՝ երկրներից որևիցե մեկի նկատմամբ սեփական համակրանքից ելնելով։

Այսինքն, ըստ նրա, օբյեկտիվ գնահատականներ չեն ստացվում, ինչը բարդացնում է թե՛ միջնորդների, թե՛ քաղաքական գործիչների ու փորձագիտական հանրության գործը։ Բնականաբար, նրա խոսքով, դրանց առկայության դեպքում ամեն բան արվելու է դիվանագիտության շրջանակներում, սակայն նման հստակության անհրաժեշտություն կա։

«Դժվար է ասել նաև, թե դրանց կիրառումը որքան կնվազեցնի հրադադարի խախտումների քանակը և ինչ ազդեցություն կունենա հրադադարը խախտել ցանկացող կողմի մտադրությունների վրա, սակայն դրանց ներդրումից հետո պատշաճ միջազգային արձագանքը կարող է զսպօղակ լինել և դառնալ հրադադարի պահպանման որոշակի երաշխավոր։ Ինչպես ավելի վաղ էինք նշում, թեժ կապը կամ օպերատիվ կապը կողմերի միջև վատ պրակտիկա չէ, բայց այն կարող է և չգործել քաղաքական և ռազմական սրացման դեպքում, ինչը և տեղի ունեցավ, իսկ միջազգային բաղադրիչը դուրս կբերի այս հարցից կողմերի քաղաքական կամքը։ Չնայած կան նաև աշխարհում օրինակներ, երբ այդ կապը լավ է գործում, բայց սա լարված հակամարտություն է, և նման պայմանավորվածությունների կատարումը որոշակի իրավիճակ կփոխի»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նա չկարողացավ նշել, թե ինչու ՀՀ իշխանություններն առաջ քաշեցին «Դուշանբեի» և «Դուշանբե պլյուս» օրակարգը, հրաժարվեցին Վիեննայի օրակարգից, սակայն այսօր կրկին շրջանառում են։

Ըստ նրա՝ պարզապես Վիեննայի օրակարգն ավելի ընդարձակ ու վստահելի էր, քանի որ միջազգային էր և մի շարք քայլեր էր ենթադրում, իսկ կոնկրետ Դուշանբեն սահմանափակ էր ավելի։

«Դժվար է իրականում մինչ դրանց ներդրումը խոսել, թե ինչպես կազդեն այս կամ այն վերահսկողական մեխանիզմները նման հակամարտության դեպքում, բայց հուսանք, որ իրավիճակ կփոխեն»,- ասաց նա։

Փորձագետը նշեց, որ հայկական կողմը սկսում է շրջանառել այդ թեման, սակայն դեռ հարց է, թե ինչ կետից կսկսվեն բանակցությունները տավուշյան սրացումից հետո։ «Երևում է, որ կողմերը տրամադրված են որոշակի պայմաններ առաջ քաշել, դրանցից մեկն այս օրակարգի ներառումն է կարգավորման գործընթացում, իսկ ադրբեջանական կողմը ենթադրաբար առաջ է քաշելու միանգամից բանակցություններ սկսելու հարցը, այստեղ կարող է բարդ իրավիճակ ստեղծվել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս