Բաժիններ՝

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի, ուսանողները պնդում են՝ այն արդար չէր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից  22-ը փակ գաղտնի քվեարկությամբ երեկ իրենց ձայնը տվեցին հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:

Իսկ այդ ընթացքում արդեն հրապարակվել էր ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈԿ) հուլիսի 17-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ անվավեր էր ճանաչվել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը:

ՀՊՏՀ խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանի խոսքով՝ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի:

«Հայտնում եմ, որ՝ լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը: Սակայն այս պաշտոնական նամակից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել նիստի հրավեր կամ ծանուցում այն մասին, որ արգելանքը հանվել է, կամ, որ մենք հրավիրվում ենք նիստի: Հիշեցնեմ նաև, որ համաձայն ռեկտորի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի, «խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ապահովելով խորհրդի անդամների և հավակնորդների մասնակցությունը»: Այնուհետև հեռուստատեսությամբ պատահաբար տեսնում եմ, որ խորհրդի անդամների մի մասն արդեն ռեկտոր է ընտրել, և միայն նիստը սկսելուց հետո հայտնել են, որ րոպեներ առաջ արգելանքը հանվել է:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են տեղեկացվել նիստին ներկա հարգելի գործընկերներս, հավանաբար անհատապես տարբեր մարդկանցից ոչ ֆորմալ տեղեկություններ են ստացել, որովհետև պաշտոնական նամակագրությունն ընդհանուր է: Թեև, ըստ կարգի, նիստը պետք է հրավիրեր խորհրդի նախագահը, սակայն, կարծում եմ՝ նա ֆիզիկապես չէր կարող դա անել, որովհետև խուճապահար ռեժիմով արգելանքը հանելու մասին որոշումը ստացել է նիստի մեկնարկից րոպեներ առաջ: Այսպիսով՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է առանց խորհրդի անդամներին օրենքով սահմանված կարգով հրավիրելու, ինչի հետևանքով խորհրդի մի քանի անդամներ նույնիսկ տեղյակ չեն եղել, հետևաբար՝ մրցույթի արդյունքներն առոչինչ են, և Կառավարությունը պետք է դրանք անվավեր ճանաչի»,- Ֆեյսբուքի իր էջում մանրամասնել է Համլետ Թադևոսյանը:

Դիանա Գալոյանը երեկ՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, թե ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվել, ուստի վստահ է, որ իր բողոքի արդյունքները դրական են լինելու, և պահպանելու է գիտական աստիճանն ու կոչումը:

«Կարծում եմ՝ ինքներդ էլ նկատում եք, որ մի օր առաջ փորձում են ռեկտորի մրցույթի վրա կալանք դնել, մրցույթից մեկ օր առաջ վարչական վարույթ են բացում: Տեսան՝ դատարանը վարչական կալանքը հանում է, այսօր մրցույթի ժամանակ զրկում են: Նախ իր կայացրած որոշումն ուժի մեջ է մտնելու ինձ առձեռն տեղեկացնելուց հետո հաջորդ օրը, այսինքն՝ ես այս պահին շարունակում եմ ունենալ իմ կոչումն ու գիտական աստիճանը: Երկուշաբթի ես կրկին վերադասության կարգով կբողոքարկեմ, պարոն Գոգյանին էլ համապատասխան պատասխանատվության կենթարկեմ, որովհետև եղել է վերադասության կարգով բողոք, իսկ  նա շարունակել է ինքնիրավչություն իրականացնել»,- նշեց Դիանա Գալոյանը:

ՀՊՏՀ ուսանող Դավիթ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ևս պնդեց, որ մրցույթն արդար չէ:

«Արդար չէր, երբ բուհը ՊՈԱԿ, այլ ոչ հիմնադրամի կարգավիճակով է գնում ռեկտորի ընտրության, երբ ՀՊՏՀ խորհրդի կազմում ուսանողական թևը ներկայացնող 4 անձ ներկա պահին ՀՊՏՀ ուսանող չէր համարվում, բուհի հետ պայմանագիր չուներ, բայց մասնակցում էր քվեարկությանը, երբ ռեկտորի նախկին պաշտոնակատարին հորդորում են հրաժարական տալ՝ հիմք ընդունելով ատենախոսության մեջ առկա  թերությունները,  իսկ այդ եզրակացությունն  առոչինչ է համարվում դատարանի կողմից, և դատը հաղթողի ոտնահարված իրավունքները վերականգնված չեն: Երբ ռեկտորի թեկնածուն  ՀՊՏՀ խորհրդից անկախ նամակագրություն մեջ է լինում ԿԳՄՍ նախարարության հետ և ռեկտորի թեկնածուն խնդրում է կասեցնել ՀՊՏՀ-ն հիմնադրամի վերածելու ընթացքը: Մրցույթն արդար չէր, քանի որ, ըստ օրենքի՝ ռեկտոր կարող է ընտրվել միայն դոկտոր-պրոֆեսորը»,- ընդգծեց ՀՊՏՀ ուսանողը:

Հավելենք, որ հուլիսի 17-ին կայացած նիստի ժամանակ 4 ուսանողների հարցը և խորհրդի մեկ այլ անդամի՝ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի մասնակցության հարցը բարձրացվեց, սակայն նշեցին, որ ուսանողներն ընդունվել են մագիստրատուրա, իսկ Դավիթ Անանյանը, քանի որ այլևս պաշտոնյա չէ, կարող էր չմասնակցել նիստին միայն վարչապետի համապատասխան որոշման դեպքում:

Նշենք նաև, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները դեռ պետք է հաստատվեն հիմնադրի` ՀՀ կառավարության կողմից:

Խնդրի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև Դիանա Գալոյանը՝ նկատելով. «Ի գիտություն այդ տեղեկատվությունը տարածողների՝ իմ մասով ոչ իրավաչափորեն անվավեր ճանաչված 17.02.2015թ թիվ 5Ա-Վ2 հրամանով ընդամենը հաստատվել է իմ գիտական աստիճանի շնորհումը, իսկ գիտական աստիճան շնորհելու որոշումը կայացրել է Հայ-Ռուսական համալսարանում գործող ԲՈՀ-ի 008 տնտեսագիտության մասնագիտական խորհուրդը: Եվ ինչպես ինձ ասաց իմ կողմից շատ հարգված մի անձնավորություն՝ պայքարելը հեշտ չէ, երբեմն անհասկանալի շատերի համար, բայց դրված նպատակին հասնելու համար դժվարին իրավիճակներում պետք է պայքարել մինչև վերջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս