«Այս երկու գործողություններն իրարից շատ տարբեր են, մասշտաբները համեմատելու չեն». Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը և հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիան համեմատելու եզրեր չունեն։
«Եթե համեմատելու լինենք, ապա սա նույնն է, ինչ, օրինակ, բազմահարկ շենքը համեմատենք առանձնատան հետ։ Սա կոպիտ համեմատություն է, բայց մոտավորապես այդպես է։ Ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդն ունեցել է պլաններ, այդ թվում՝ նաև մեր տարածք խորանալու, մասշտաբները համեմատելու չեն՝ սպառազինության ծավալը, տևողությունը և, բնականաբար, մարդկային կորուստները։ Եթե նույնիսկ զուտ ռազմական տեսակետից դիտենք, ապա այս երկու գործողություններն իրարից շատ տարբեր են, քանի որ հակառակորդի պլանները լրիվ այլ էին, և լուրջ պլաններ կային մեր տարածք խորանալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Վրթանեսյանը։
Ըստ նրա, այնպիսի միջադեպ, որը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին, նմանատիպ միջադեպեր նախկինում էլ են եղել, և ճիշտ է համեմատել նմանատիպ դեպքերի հետ։
Օրինակ՝ 2014 թվականին օգոստոսյան պատերազմը, որը դիվերսիոն հարձակումների գագաթնակետն էր՝ սկսվել էր դեռ 2010 թվականից և աստիճանաբար սրվելով, էսկալացիաներով՝ բերեց 2014 թվականի օգոստոսի մարտերին։
«Այդ մարտերն աշխարհագրորեն կրկին լայն էին, սակայն ըստ բնույթի՝ շատ նման էին այն ամենին, ինչ կատարվեց վերջին օրերին։ Որոշ զուգահեռներ, օրինակ, կարելի է տանել 2015 թվականի աշնանը տեղի ունեցած դեպքերի հետ, երբ մարտեր էին տեղի ունենում Տավուշի մարզից մինչև Արցախի առաջնագիծ՝ այդ ամբողջ երկայնքով։ Մարտերում հիմնականում հրետանային փոխհրաձգություններ էր, եղան զոհեր, նաև քաղաքացիական, կրկին մեր գյուղերն էին հրետակոծում։ Սա միջադեպ էր, որից Ադրբեջանը փորձեց մեծ աղմուկ հանել, ամբողջ աշխարհում աղմուկ բարձրացնել, միջազգային հանրությանը խառնել։ Բայց ապրիլյան պատերազմի հետ այս ամենը լրիվ տարբեր երևույթներ են»,- հավելեց նա։
Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը բավականին պատրաստ էր դեպքերի զարգացումներին, նույնիսկ, երբ մեկ օր տևած հրադադարից հետո ուխտադրուժ հարձակում արեց և խախտեց զինադադարը՝ հայկական կողմը կրկին դրան պատրաստ էր։