«Քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք, վնասվել է 30 տուն». Տավուշի մարզպետ
«Վաղ առավոտից վերսկսվել են Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունները». այսօր ասուլիսի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը: Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է: Առավոտվա ամբողջ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ, առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց Չոբանյանը:
Տավուշի մարզպետը տեղեկացրեց նաև, որ մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, աշխատանքներ են ընթանում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
«Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա, մասնավորապես, պատսպարման առումով, մեր քաղաքացիները հիմնականում այդ ընթացքում գտնվել են ապաստարաններում և նկուղներում, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասաց Չոբանյանը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց քաղաքացիական բնակչությանը պարտաճանաչ, կազմակերպված գործելու համար, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանություն իրականացնող կառույցներին: Հայկ Չոբանյանն ասաց, որ այսօր առավոտյան քննարկում է տեղի ունեցել Կառավարության հետ.
«Առավոտ շուտ ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է տա վնասների չափի, ծավալների վերաբերյալ, վաղվանից մենք պետք է սկսենք զբաղվել այդ բնակարանների, տների վերականգման աշխատանքներով, այն տները կամ բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: Ուզում եմ, որ մեր բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն այդ առումով և վստահ լինեն, որ ամենասեղմ ժամկետներում լուծելու ենք վերակառուցման հարցերը»:
Հարցին, թե քանի՞ տուն ու բնակարան կա այս պահին վնասված և քանի՞սը ենթակա չեն վերականգնման, Տավուշի մարզպետն արձագանքեց.
«Նախորդ օրերի վնասված տների քանակը մոտավորապես 20 է, ինչի եմ ասում՝ մոտավորապես, որովհետև կան տարբեր բնույթի վնասներ, և ուղղակի ասել, որ այդ տունը վերանորոգվելու է, կարող է մի քիչ բարձր է հնչում, որովհետև կան նաև փոքր վնասներով տներ: Այս գիշեր, ինչպես նշեցի, եղել է լրացուցիչ 10 տան վնաս, այս պահին խոսում ենք 30 առանձնատների մասին: Նախնական ուսումնասիրությամբ ունենք առնվազն 2 տուն, որոնք ոչ թե կվերականգնվեն, այլ զրոյից կկառուցվեն»:
Հայկ Չոբանյանը նշեց, որ չնայած այս պահին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց կարևոր է չկորցնել զգոնությունը.
«Խուճապ չկա, խնդրել ենք, որ պատսպարված լինեն, և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն, մնան պատսպարված, իրավիճակը կայուն է, հսկողության ներքո, մեր բանակի պրոֆեսիոնալ վարքագծի շնորհիվ ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր բնակավայրերում»:
Ճանապարհների ապահովության մասին մարզպետն ասաց, որ տեղի բնակչությունն իրազեկված է.
«Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որը հողային է, բայց անցանելի ճանապարհ է: Այս օրերին ընթացիկ ճանապարհաշինական, ճանապարհի սպասարկման աշխատանքներ են իրականացվում՝ լիարժեք անցանելիություն ապահովելու համար: Անցակետեր են դրված Ճամբարակ-Բերդ, Գանձաքար-Բերդ, Վազաշեն-Բերդ հատվածներում»: