«Ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը տատանվում է 650 թվի շուրջ, մոտ 50 հոգի միացված են թոքերի օդափոխության սարքերին». Արսեն Թորոսյան
Կառավարության նիստի մեկնարկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով երկրում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ իրավիճակին, ասաց, թե դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում:
Նախարարը, համեմատական անցկացնելով երկու շաբաթվա վաղեմության իրավիճակի և թվերի հետ, ասաց, թե պետք է արձանագրել, որ կա առաջընթաց առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու առումով: Թորոսյանի խոսքով՝ մոտ 4 օր է՝ տանը՝ բժշկական հաստատություն տեղափոխվելուն սպասող որևէ քաղաքացի չկա, չկան նաև այլ ԲԿ-ներում տեղափոխման սպասող քաղաքացիներ:
«Ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կրկին կայուն և տատանվում է 650 թվի շուրջ, ինչպես նաև մոտ 50 հոգի, տարբեր օրեր տատանվելով դրա շուրջ, միացված են թոքերի օդափոխության սարքերին: Դժբախտաբար, լինում են, իհարկե, նաև մահվան դեպքեր, հատկապես մեր բավական տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ, և այդ առումով նրանց պաշտպանությունը և նրանց պաշտպանությանն առանձին ուշադրություն դարձնելը կրկին մեր բոլորի պարտքն է»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարի գնահատմամբ՝ շարունակելով գործողությունները և պահելով իրավիճակը կառավարելի, կարողանում ենք դիմագրավել մարտահրավերին, ու առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ որևէ քաղաքացի դուրս կմնա բուժօգնության տրամադրումից՝ անկանխատեսելի հետևանքներով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում