Ավելի քան 100 ադրբեջանցի փորձել են գրավել «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը, ՀՀ ԶՈՒ-երը գրոհները հետ են մղել. Նիկոլ Փաշինյան
«Այս գիշեր ժամը 03:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներն ավելի քան 100 հոգի կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանապահ, «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության՝ կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը»,- այսօրվա կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա:
«Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում:
Վարչապետը նաև անդրադարձավ կիրակի օրվանից ադրբեջանական կողմից հրետակոծված Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերին՝ նշելով, որ հրետակոծության հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ:
«Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերի հասցրած վնասները և տալ գնահատական»,- հավելեց վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում